ԿԳՄՍ փոխնախարարը՝ դպրոցաշինության ծրագրերի ընթացքի մասին

Հայաստանի կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվելիք 300 դպրոցների նույնականացման և քարտեզագրման համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Քանի որ դպրոցների մեծ մասը կառուցվել է 1960-80-ական թվականներին, դրանց շենքային պայմանները շատ վատ վիճակում են, բայց, այնուամենայնիվ, պիտի կարողանայինք առանձնացնել  այն դպրոցները, որոնք հենց այս փուլով էին կառուցվելու կամ վերակառուցվելու»,- պարզաբանեց Սվաջյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացում հստակ սկզբունքներ են առանձնացվել․ մասնավորապես,  քարտեզագրվել են մինչև 100 սովորող ունեցող դպրոցները, իսկ մյուս դեպքում՝ յուրաքանչյուր մարզում առանձնացվել է 5-ական դպրոց, որպեսզի աշխարհագրորեն համաչափ, ճիշտ բաշխվածություն լինի: Մեկ այլ սկզբունքով ծրագրում ընդգրկվել են ամենավատ վիճակում գտնվող դպրոցները: Ըստ այդմ՝ կառավարության որոշմամբ արդեն հաստատվել է 293 դպրոցի ցանկ, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում, որոնցից մի մասի շինարարությունն արդեն ավարտված է:

«Այս տարվա դրությամբ արդեն 29 դպրոցի շինարարությունն ավարտվել է: Մի մասը դեռ շինարարության փուլում է և կարող է ավարտվել այս տարի կամ 2025 թվականին, բայց ամենամեծ մասը՝ 150-ից ավելի դպրոց, մրցույթների հայտարարման փուլում են, որոնց շինարարությունը կմեկնարկի առաջիկա ամիսներին»,-մանրամասնեց Սվաջյանը՝ հավելելով, որ վերջինների շինարարության ավարտը կախված է մեծությունից, քանի որ կան նվազագույնը 144, ինչպես նաև 1000 տեղ ունեցող դպրոցներ:

Ըստ փոխնախարարի՝ բոլոր դպրոցների ընտրության համար կարևորվել  են նաև  սեյսմիկ անվտանգության գնահատման չափանիշները: Ընտրված դպրոցները հիմնականում բավականին բարձր սեյսմիկ ռիսկայնություն ունեն, ինչը եղել է այն գործոններից մեկը, որով պայմանավորված է եղել դպրոցի ընդգրկումը տվյալ ծրագրում:

Որոշ դպրոցների շինարարությունը պայմանավորված է աշակերտների թվի աճով:

«Նման տենդենց ավելի շատ նկատելի է երևանամերձ մարզերում, որտեղ բնակչության թվի մեծ աճ է նկատվում: Մենք ունենք դպրոցներ, որոնց հզորությունը մինչև 500 է: Չնայած այնտեղ ներկայում մոտ 400 աշակերտ է սովորում, բայց, դիտարկելով և վերլուծելով վերջին  տարիներին այդ բնակավայրերում բնակչության աճի տեմպերը, մենք, օրինակ, 800 տեղանոց դպրոց ենք նախագծել»,-ներկայացրեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ կան բնակավայրեր, որտեղ լրացուցիչ առանձին դպրոց կառուցելու խնդիր է դրվել, որովհետև նույնիսկ առկա դպրոցը վերակառուցելու պարագայում այն  չէր բավարարի առկա պահանջները՝ բնակչության աճով պայմանավորված:

Անդրադառնալով ուսումնական գործընթացը նորակառույց դպրոցներում սկսելու ժամկետներին՝ Սվաջյանը պարզաբանեց, որ շինարարության ավարտին նախ մի շարք տեխնիկական գործընթացներ են հաջորդում: Մասնավորապես, եթե նոր շենք է կառուցվել, ապա պիտի ստեղծվի  իրավաբանական անձ, որն արդեն աշխատակազմ կձևավորի, տնօրեն կունենա:

«Սրանք զուգընթաց գործընթացներ են: Փորձում ենք այնպես կազմակերպել, որ շինարարության ավարտին զուգընթաց կարողանանք ապահովել նաև գույքի մատակարարումը: Գույքի գնումն ավելի վաղ ենք կատարում՝ համաձայնեցնելով շինարարության ավարտի հետ, որպեսզի օր առաջ, երբ շինարարությունը կավարտվի և դպրոցը կհանձնվի շահագործման, կարողանանք ուսումնական գործընթացն արդեն կազմակերպել»,-ընդգծեց նա:

Խոսելով Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքից՝ Սվաջյանը հայտնեց, որ ինչպես դպրոցների, այնպես էլ այս դեպքում իրականացվել են քարտեզագրման աշխատանքներ, հստակեցվել են սկզբունքները, թե որ մանկապարտեզներն են համարվելու ծրագրում ընդգրկված, քանի որ սուբվենցիոն ծրագրերով այս հաստատություններում բազմաթիվ մասնակի աշխատանքներ են իրականացվում՝ տանիքի, ջեռուցման համակարգի վերանորոգում:

«Այժմ ծրագրով խնդիր է դրվել ընդգրկել միայն այն ուսումնական հաստատությունները, որտեղ ամբողջական աշխատանք է իրականացվելու: Հետևաբար, քարտեզագրվել  և այս պահին 470-ից ավելի մանկապարտեզի շինարարության ցանկ է կազմվել, որոնք կամ ավարտվել են, ընթացքում են կամ առաջիկայում մեկնարկելու են: Այդ ցանկը կհամալրվի  և մեր գնահատականներով 500-ն արդեն անցնում է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը դրված է այն կարևոր սկզբունքի հիման վրա, որ երկրում չլինեն նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրեր, քանի որ նախադպրոցական կրթությունը կարևոր նշանակություն ունի հետագա ուսումնառության համար:

Բացի այդ, ինչպես նպատակադրված է կրթության զարգացման ռազմավարական ծրագրով, մինչև 2030 թվականը առնվազն 5-6 տարեկան երեխաների 90 տոկոսից ավելին պետք է ընդգրկված լինի նախադպրոցական ծառայություններում:

«Հետևաբար, տարաբնույթ լուծումների ենք գնում. քաղաքային, գյուղական մեծ բնակավայրերում, որտեղ մանկապարտեզ ունենալու կարիք կա, վերակառուցվում, կառուցվում են այդ հաստատությունները: Եթե փոքր բնակավայրի մասին ենք խոսում, այնտեղ մենք կարող ենք ունենալ ինտեգրված մի միջավայր, որտեղ կրթահամալիրի տեսքով կլինի թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական ծրագիր: Այս կրթահամալիրները ծառայելու են նաև որպես համայնքային կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի մշակութային, մարզական, երիտասարդական, մեծահասակների ժամանցի կազմակերպման միջոցառումներ կազմակերպել»,-ընդհանրացրեց ԿԳՄՍ փոխնախարարը:

ajax-loader