Կոսովոյի ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել վանքը, որտեղից 30 սերբ զինյալ կրակ է բացել

Սերբիան և Կոսովոն միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել Կոսովոյի հյուսիսում էթնիկ սերբ զինյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։

Սեպտեմբերի 24-ին շուրջ 30 զինյալներ բարիկադավորվել էին Սերբիայի սահմանի մոտ գտնվող Բանսկա գյուղի սերբական ուղղափառ եկեղեցում։ Կոսովոյի ոստիկանները պաշարել էին եկեղեցին։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է կոսովցի 1 ոստիկան և 3 սերբ զինյալ։

Ըստ Կոսովոյի Ներքին գործերի նախարարի՝ փոխհրաձգությունից հետո ոստիկաններին հաջողվել է վերահսկողության տակ առնել տարածքը։ Ձերբակալվել է 6 զինյալ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք։ Մյուս զինյալներն, ամենայն հավանականությամբ, հեռացել են վանքի տարածքից։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին տեղի ունեցածի մեջ մեղադրել է Սերբիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ  «ահաբեկչական հարձակումն» իրականացրած զինյալներին հովանավորել և հրահրել է Բելգրադը։

Իր հերթին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 24-ի երեկոյան տեսաուղերձում դատապարտել է կոսովցի ոստիկանի սպանությունը։ Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ միջադեպի մեղավորը Ալբին Կուրտին է, քանի որ վանքում տեղի ունեցած միջադեպից առաջ էթնիկ սերբերը Կոսովոյի հյուսիսում ամիսներ շարունակ «ենթարկվել են սադրանքների»։

Մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Կոսովոյի հյուսիսում իրադրությունը լարված է։ Հիմնականում սերբերով բնակեցված շրջաններում նշանակվել են կոսովցի ղեկավարներ այն բանից հետո, երբ սերբերը բոյկոտել էին ընտրությունները։ Լարվածությունը զսպելու համար ՆԱՏՕ-ն ընտրություններից հետո լրացուցիչ 700 զինվորի է տեղակայել Զվեչան քաղաքում։ Կողմերի միջև բախումների ընթացքում վիրավորվել է ՆԱՏՕ-ի շուրջ 30 խաղաղապահ և 50 սերբ ցուցարար։  

ajax-loader