այաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։
Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։
«Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է շուրջ 19 միլիոն դրամ՝ մթերք, չոր սնունդ, դեղորայք, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ ձեռք բերելու նպատակով։
Ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա։ Քանի որ հումանիտար օգնության տեղափոխումը իրականացվելու է պաշտպանության նախարարության կողմից, առաջարկվում է ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ»,-ասաց Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հումանիտար բեռի առաքման վերաբերյալ ինքը հայտարարել է Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում։
«Հարցեր կային լոգիստիկայի հետ կապված, և մենք այս հումանիտար աջակցությունը Գազայի բնակիչներին հասցնելու հարցում նաև Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքը ունենք։ Այնտեղ այցի ընթացքում մենք այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որպեսզի օժանդակեն մեզ բեռը Գազայի բնակչությանը հասցնելու համար»,-եզրափակեց Փաշինյանը։