Դպրոցների կահավորման որակը կլինի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մոդուլային դպրոցների կառուցման շինարարական աշխատանքներում ուշադրության կենտրոնում կպահի կահավորման պարագաների որակը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին կատարած մարզային այցերի ընթացքում եղել էր մի շարք հանրակրթական դպրոցներում, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ։ Վարչապետը մի շարք կոպիտ խախտումներ ու բացթողումներ էր արձանագրել՝ հատկապես ձեռք բերված գույքի որակի առնչությամբ, տվել հանձնարարական խիստ վերահսկողության համար։ Պատասխանատու կառույցների, մարզպետարանների ղեկավարներն էլ ազատվել են աշխատանքից։ Պարզաբանելով ստեղծված իրավիճակը՝ հրավիրած ասուլիսին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նախ նշեց, որ դպրոցի շինարարության փաստացի ավարտը դեռ չի նշանակում, որ այդ շինարարական աշխատանքները վերջնական փաստագրվել են օրենքով սահմանված ընթացակարգով։

«Բոլոր մոդուլային դպրոցները, որտեղ վարչապետը այցելել էր ու խախտումներ էր հայտնաբերել, դրանց մասով տեսչական մարմնի կողմից փաստագրման ակտի շրջանակում վերջնական ստուգում չի իրականացվել։ Ընթացիկ շինարարության փուլում, այո, իրականացվել են ստուգումներ, և որոշ դեպքերում նաև տրվել են պարտադիր կատարման ցուցումներ հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ»,-ասաց Գարեգին Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում բացառապես շինարարական նախագծով նախատեսված աշխատանքների մասով և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքները տեսչական մարմնի վերահսկողության շրջանակներից դուրս են։

«Այնուամենայնիվ, իմ կողմից տրվել է հանձնարարական, մեր կարողությունների շրջանակում ուսումնասիրության ժամանակ ուշադրության կենտրոնում պահել շինարարական օբյեկտներում կահավորման պարագաների որակական հատկանիշների համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին»,-ասաց նա։

Ներկայում մոդուլային դպրոցներ կառուցող կառուցապատողների կողմից աշխատանքները վերջնական փաստագրելու համար հանձնաժողովի ձևավորման հայտ տեսչական մարմինը չունի։

ajax-loader