ՄԻՊ-ը չափազանց մտահոգիչ և դատապարտելի է գնահատում բանակում արձանագրված մահվան դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ վերջին օրերին զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերին։ Լրագրողների հետ զրույցում Մանասյանը նշեց, որ նշված դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի հայտարարություն է տարածել։

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի։ Առաջինը՝ գործերի քննությունը պետք է պատշաճ մակարդակով իրականացվի, երկրորդը՝ պետությունը պետք է ունենա այդ երևույթների կանխարգելմանն ուղղված պատշաճ կառուցակարգեր։

Եթե մենք բանակում շարունակում ենք ունենալ նման մտահոգիչ և խիստ դատապարտելի դեպքեր՝ անկախ կոնկրետ դեպքի պատճառներից, նշանակում է, որ մենք դեռևս որպես պետություն չենք կարողացել ունենալ ամբողջական կառուցակարգեր և գործիքակազմեր։ Դա է պատճառը, որ նաև զորամասեր եմ այցելում, կենտրոնական հավաքակայան, մասնակցել եմ նաև բժշկական հանձնաժողովի նիստին, շփվում եմ թե՛ զորակոչիկների, թե՛ զինծառայողների հետ»,- ընդգծեց Մանասյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքերին առնչվող գործիքակազմերի մշակման հարցերի վերաբերյալ մի քանի անգամ կարևոր քննարկում է ունեցել ինչպես պետական մարմինների ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ։

«Այս ուղղությամբ կոնկրետ առաջարկներ ենք արել և վստահ եմ, որ այս բոլոր հարցերը պետք է դառնան ոչ միայն քննարկման առարկա, այլ նաև առաջարկող գործիքները պետք է դառնան գործնականում կիրառվող»,-եզրափակեց Մանասյանը։

Հունվարի 9-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր 2 զինծառայողի մահվան մասին՝ հրազենային վնասվածքի պատճառով։  ՊՆ-ի հաղորդագրությունների համաձայն՝ ժամը 06:20-ի սահմաններում, զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ 11:30-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ ևս հրազենային վնասվածքով: Նշված դեպքերով հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է քննություն։ Կարեն Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը, իսկ Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։

ajax-loader