Քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ տուգանքի մատերիալ չէ․ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով ներդրված բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ է ստեղծվում։

Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստին, անդրադառնալով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանվող կամ լուսանկարահանվող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության խախտման դեպքերում «road.police.am» ինտերնետային կայքում դիմում է վարչական ակտը իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսի չափով պակաս։

«Հիշում եք չէ՞ այդ խոսակցությունը՝ քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ տուգանքի մատերիալ չէ։ Մենք այդ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգը։ Ինչո՞ւմ է հարցի էությունը։

Նախկինում ի՞նչ համակարգ ունեինք. մարդիկ կարող էին մինչև 500.000 դրամ տուգանվել, և համակարգն ասում էր՝ խնդիր չունես, կարող ես ժամում 100, 300, 400 կիլոմետր արագությամբ քշել, փողդ վճարել ու  շարունակել նույն ձևով վարել։ Եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն, որ եթե հնարավորություն ունի, գրպանը ներում է, ինչքան ուզի, խախտում անի։ Ինչ ուզում ես արա, վճարիր, գնա քո ճանապարհով։ Պետությունն ասում էր՝ խախտում արա, պետությանը եկամուտներ բեր ու ոչ միայն պետությանը»,- ասաց վարչապետը։ 

Նրա խոսքով՝ ներկայում քաղաքացին չի կարող այդպես վարվել, որովհետև տուգանքի բալերը կկուտակվեն, ու նա կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից։

«Իսկ եթե վարորդական իրավունքից զրկված վիճակում վարի մեքենան, քրեական պատասխանատվություն է նախատեսված»,- հավելեց նա։

Փաշինյանn ընդգծեց, որ չեն խրախուսում կարգազանցությունը, այլ խրախուսվում է թվայնացումը։

«Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ, և երկրորդ՝ մենք նրա խախտումը չենք խրախուսում, բայց, եթե շարունակում  է խախտում անել, ասում ենք՝ Հայաստանի ճանապարհներով չպետք է մեքենա վարես»,- եզրափակեց վարչապետը։

ajax-loader