Մասկը մեկ օրում կորցրել է 29 մլրդ դոլար արժեթղթերի գնի անկման պատճառով. Bloomberg

Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է մոտ 29 մլրդ դոլար՝ իր Tesla կորպորացիայի բաժնետոմսերի էժանացման պատճառով։ Այս մասին են վկայել Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaire Index) տվյալները։

Ըստ այս տեղեկատվության՝ Մասկի օրական կորուստները համապատասխանում են նրա կարողության 6,7 տոկոսին։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից գործարարն արդեն կորցրել է 132 մլրդ դոլար (բոլոր ակտիվների 30,5 տոկոսը)։ Այս պահին նրա կարողությունը կազմում է մոտ 301 մլրդ դոլար, ըստ Yahoo Finance պորտալի, Tesla-ի բաժնետոմսերի գինը նախորդ աճուրդների փակման գնի համեմատ նվազել է 15,4 տոկոսով եւ հասել մեկ բաժնետոմսը 222,2 դոլար։

Ինչպես նշել են ամերիկյան լրատվամիջոցները, Մասկի՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) գործողությունները, որոնք կրճատում են կառավարական ապարատը եւ բյուջեի ծախսերը, նախկինում Ամերիկայում Tesla-ի դեմ բողոքի ակցիաներ են առաջացրել։ Մարտի 7-ին The Independent թերթը հայտնել էր, որ Մասկի կարողությունը մեկ գիշերվա ընթացքում նվազել է 8,8 մլրդ դոլարով՝ Tesla-ի բաժնետոմսերի զգալի էժանացումից հետո: Ընկերության արժեթղթերի գինը նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր մաքսատուրքեր է մտցրել Կանադայից ներկրվող ապրանքների վրա, ինչպես նաեւ ավելացրել է մաքսատուրքերը Չինաստանից (Tesla-ի էլեկտրամոբիլների երկրորդ շուկան): Դեկտեմբերին բաժնետոմսերի արժեքը հասել է 479 դոլարի, իսկ մարտին իջել է 260 դոլարից:

Ինչպես տեղեկացրել է պարբերականը, եթե Մասկը կորցնի մոտ 116 մլրդ դոլար, նա կարող է կորցնել մոլորակի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Մասկին հաջորդող ամենամհարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է 216 մլրդ դոլար:

ajax-loader