Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու ԵՊՀ-ի միջև կկնքվի գործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օրերս հյուրընկալել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ու միությունում նրա խորհրդական Հայկ Ակարմազյանին։ Այդ մասին ռեկտորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Մեր գործընկերներին ներկայացրել եմ ԵՊՀ-ում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխման ծրագրերն ու նախաձեռնությունները և նրանց հետ քննարկել համապատասխան ոլորտներում գործակցություն հաստատելու ու այն ընդլայնելու հնարավորությունները։

Մասնավորապես, խոսել ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կրթական ծրագրերի բարելավման գործընթացում ընկերության մասնագետների ներգրավման, մեր ուսանողների պրակտիկաների կազմակերպման, ինչպես նաև համատեղ հետազոտական ծրագրերի իրագործման մասին, անդրադարձել ոլորտին առնչվող հիմնախնդիրներին ու համատեղ ջանքերով դրանց լուծմանը հասնելու միջոցներին։

Պայմանավորվածություն ձեռք բերելով իրագործվելիք կոնկրետ քայլերի ուղղությամբ՝ մեր գործընկերների հետ որոշեցինք առաջիկայում իրավաբանորեն ամրագրել հաստատված փոխգործակցությունն ու կառույցների միջև կնքել գործակցության հուշագիր»,- գրել է Հովհաննես Հովհաննիսյանը։

ajax-loader