Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատելու հնարավորություն ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեում կազմակերպվող նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատանքի անցնելու հնարավորություն՝ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում։ Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատելով այս վարչությունում՝ հարկային ծառայողը դառնում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ապահովմանն ուղղված աշխատանքների անմիջական մասնակիցը՝ նպաստելով պետության առջև ծառացած անվտանգային, սոցիալական և մյուս կարևորագույն խնդիրների լուծմանը։

Հարկային ծառայող դառնալու առավելություններն են աշխատանքին զուգահեռ վերապատրաստման հնարավորությունը, ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովումը, սոցիալական փաթեթի տրամադրումը, ինչպես նաև պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրից օգտվելու հնարավորությունը։

Կոմիտեն հիշեցնում է, որ հարկային ծառայողի պատրաստման դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թվականի հունվարի 8-ն է։

ajax-loader