Հանրապետության մի շարք ճանապարհներին արտակարգ իրավիճակ է ստեղծվել սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով

Վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ավտոճանապարհներին։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ մանրամասնելով, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 14-30-ի դրությամբ սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում խուսափել նշված ուղղություններով երթևեկելուց։

Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

ajax-loader