Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա

Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա. Երևանում  մեկնարկել է «Բիզնես հնարավորությունները կայուն միջազգային երկրներում» թեմայով համաժողովը, որին մասնակցում են Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչներ, պետական գերատեսչական մարմիններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ:

Հանդիպումը կազմակերպել է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը (ՄԳԿԱ), որը  Հայաստանում արդեն 15 տարի գործունեություն է ծավալում՝  նպատակ ունենալով աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և արտերկրյա գործարարների համար՝ նպաստելով արտահանման-ներկրման գործընթացին, զուգահեռաբար աջակցելով նաև երկրի տնտեսական, հասարակական կյանքի զարգացմանը:

«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի (ՄԳԿԱ) նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ միջոցառումը շատ կարևոր է, քանի որ ամփոփում են տարին՝  ներգրավելով  նաև այն ընկերություններին, որոնց հետ համագործակցելու եզրեր երբևէ չի եղել և այն ընկերություններին, որոնք խորհրդի իրականացրած ծրագրերի ընթացքում գրանցել են հաջողություններ:

«Ծրագիրը լինելու է երկու փուլից բաղկացած՝ ներկայացնելու ենք Կիպրոս և Եվրոպա դուրս գալու բիզնես  հնարավորությունները, այդ թվում նաև համատեղ գործունեություն իրականացնելու նախագծերը, ինչպես նաև ԱՄՆ-ում իրականացրած  մեր ծրագրերը, որը  վերջին տարիների ընթացքում 73,5 տոկոս հնարավորություն է տվել ընկերություններին արտահանել իրենց արտադրանքը ԱՄՆ, այդ թվում նաև գրանցել ընկերություններ և ներկայացնել իրենց բիզնեսը տարբեր երկրներում»,-ասաց Մանուկյանը:

Խոսելով Կիպրոսի Հանրապետության հետ համագործակցության հնարավորություններից՝ նա նշեց, որ հաշվի առնելով Հայաստանի արտադրական ծավալները տարբեր ոլորտներում, ՄԳԿԱ խորհուրդը բավականին մեծ հետաքրքրություն ունի դուրս գալու Կիպրոս և այնտեղից Եվրոպայի մի շարք երկրներ:

«Քանի որ Կիպրոս արտահանվող հայկական ապրանքն այլևս չի մաքսազերծվելու եվրոպական շուկա դուրս գալու համար, դա  բավականին լայն հնարավորություն կտա հայ արտադրողին՝ եվրոպական և միջազգային հայտնի  բրենդների կողքին մրցակցային դիրքում լինել»,-ասաց նա:

Մարիամ Մանուկյանն ընդգծեց, որ  2024 թվականը «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի համար բավականին հագեցած տարի է լինելու: Խորհուրդը  աջակցություն է տրամադրելու արտադրող ընկերություններին, որոնք կարող են օգտվել առաջարկվող ծրագրերից,  բիզնեսի աջակցման և պլանավորման հետ կապված  կազմակերպվող անվճար դասընթացներից, որոնց  բանախոսները լինելու են արտերկրից հրավիրված փորձառու գործարարներ և մասնագետներ:

«2024 թվականը բազմակողմանի եզրեր է տալու հայկական ընկերություններին՝ դուրս գալու տարբեր  երկրներ, մասնավորապես՝ միջոցառումներ է կազմակերպվում Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում և Չեխիայում:

Կիպրոսի Հանրապետության տնտեսական աջակցման և խորհրդատվության դեպարտամենտի նախագահ և Ռոտարի ակումբի ղեկավար Օդիսեաս Մելիկիդեսը կարևորեց այս հանդիպումը,  ըստ նրա՝ այն մեծ հնարավորություն կստեղծի քննարկելու  երկու երկրների միջև գործարար կապեր հաստատելու և ամրապնդելու հետ կապված մի շարք հարցեր:

«Մենք մի քանի ամիս առաջ արդեն հանդիպել ենք  Մարիամ Մանուկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության հետ և կարծում եմ, որ այս միջոցառումը շատ օգտակար է, քանի որ հայկական բիզնեսն ունի հնարավորություն  դուրս գալու Եվրոպայի մի շարք երկրներ, իսկ Կիպրոսը, լինելով Եվրամիության անդամ, կարող է հանդիսանալ կարևոր  պատուհան՝ տալով հայկական բիզնեսին լայն հնարավորություններ: Եվ մենք այսօր այստեղ ենք ներկայացնելու Կիպրոսի հնարավորությունները, և ինչպե՞ս Կիպրոսը կարող է դառնալ հայկական բիզնեսի համար պատուհան՝ դեպի եվրոպական շուկաներ»,-ասաց Օդիսեաս Մելիկիդեսը:

«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ն (ՄԳԿԱ) իր գործունեությունն է ծավալում ՀՀ ում ավելի քան 15 տարի՝  նպատակ ունենալով աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և արտերկրյա գործարարների համար՝ նպաստելով արտահանման-ներկրման գործընթացի առաջմղմանը, զուգահեռաբար աջակցելով նաև երկրի տնտեսական, հասարակական կյանքի զարգացմանը: Գործունեության ընթացքում Խորհուրդը միավորել է բազմաթիվ տեղական և միջազգային ընկերությունների՝ ստեղծելով հարմար միջավայր միջազգային գործարար կապերի ստեղծման, դրանց զարգացման քաղաքականության մշակման ու իրականացման, ձեռներեցության խթանման համար: Խորհուրդն իրականացնում և կազմակերպում է շուկաների հետազոտություն, ցուցահանդեսներ, տոնավաճառներ, գործարար համաժողովներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: Խորհուրդը սերտորեն համագործակցում և համատեղ աշխատանքներ է իրականացնում պետական  գերատեսչական մարմինների հետ: Բազմամյա տարիների ընթացքում խորհուրդը գրանցել է բազմաթիվ հաջողություններ՝ խթանելով և նպաստելով ՀՀ-ում օտարերկյա ներդրումները, այդ թվում նաև հայկական ապրանքների արտահանմանը միջազգայինշուկաներ:

ajax-loader