Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի․ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024թ. մարտին։

«Մարտ ամսին արդեն կսկսեն մեծ ծավալով հանքաքար արդյունահանել։ Մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան նույնպես կվերագործարկվի և կսկսի աշխատել»,- ասել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ անքարդյունահանման փակ եղանակի անցնելու համար նախ պետք է իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ։

«Պետք է, կոպիտ ասած, փորել, հասնել հանքաքարին։ Դրա համար ժամանակ է պետք։ Երբ որ կհասնեն այդ պրոցեսին և ամբողջ հզորությամբ կկարողանան աշխատել, հանքը նորմալ, բնականոն կսկսի աշխատել»,- ասել է նա։

Հանքավայրի շահագործման եղանակի փոփոխությունը, բացի տնտեսական խնդիրներից, պարզվում է՝ նաև սոցիալական խնդիրներ է առաջ բերել։ Հարությունյանի ներկայացրած տվյալներով` Սոթքի հանքավայրի շուրջ 300 աշխատակիցներ այս պահի դրությամբ արդեն կրճատվել են։

«Կազմակերպության հետ կար պայմանավորվածություն, որ դա պետք է աստիճանաբար լիներ։ Նախ, այն մարդիկ, որոնք պետք է անցնեին թոշակի, նրանց փոխարեն նոր մարդիկ չեն ընդունվել։ Այսինքն` դինամիկ այնպես է արվել, որ թե՛ աշխատողների համար շատ ցավոտ չլինի, և թե՛ կազմակերպության համար։ Խնդիր ենք դրել, որ այն աշխատողները, որոնք փակ հանքում աշխատանք չեն ունենա, կկարողանան տեղափոխվել սեփականատիրոջ այլ կազմակերպություններ, օրինակ` Ագարակ»,- ասել է Հարությունյանը։

Նշենք, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, բայց որպես պատճառ նշել էր պաշարների սպառումը։

Հանքշահագործող «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։

ajax-loader