Հայաստանում նախատեսում են բացառել ոչ ԵԱՏՄ համարներով երկար ժամանակ մեքենա վարելը

Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենսդրական այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրների համարանիշերով երկար ժամանակում երկրում ավտոմեքենա վարելը: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման հարցին:

«Էկոնոմիկայի նախարարությունն արդեն օրենսդրական մակարդակով լուծումների առաջարկ է ներկայացրել: Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն արդեն այնպիսի կարգավորումներ, որն ուղղակի կբացառի ոչ ԵԱՏՄ համարանիշերով մեքենաներով Հայաստանում երկար ժամանակ վարելը»,-ասաց նախարարը:

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման գումարի մասով պետությունն այժմ աջակցություն է տրամադրում: Պետությունը մաքսազերծման գումարի փոխհատուցում է տրամադրում բոլոր այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ կկատարեն այդ մեքենաների մաքսազերծումը: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էին, որ ժամանակավոր ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետի երկարացում չի նախատեսվելու:

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 30-ին որոշել էր նաև, որ Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։

ajax-loader