Երևանի Շոպրոնի փողոցում սպանություն կատարած և մարմնական վնասվածք հասցրած եղբայրները ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը դեկտեմբերի 10-ի ժամը 20.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի բակից բուժօգնության է տեղափոխել երկու երիտասարդի. իջևանցի 26-ամյա երիտասարդը «աջ զստափոսում երկու կտրած-ծակած վերքեր, սրտի կանգ և կլինիկական մահ» ախտորոշմամբ, իսկ Շոպրոնի փողոցի բնակիչ 27-ամյա երիտասարդը՝ «նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում հիվանդանոց տեղափոխված երիտասարդներն ու Գավառի, Մարտունու և Արտաշատի բնակիչ երեք երիտասարդ վիճաբանել են Շոպրոնի փողոցի բնակիչ 27-ամյա և 29-ամյա եղբայրների հետ: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ նրանք ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում էլ կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշվում է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում եղբայրները ներկայացել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նրանք ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

ajax-loader