Աղբատարների վարորդների պակաս կա, մաքուր աշխատավարձը՝ 280 000 դրամ. Կատվալյան

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությունում վարորդների թափուր հաստիքներ կան, այդ պատճառով էլ աղբատար մեքենաները քիչ են երթուղի դուրս գալիս։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։

Նոր ձեռք բերված տեխնիկան արդեն աշխատանքի է անցել, այդ պատճառով էլ վարորդների պակաս է առաջացել։

«Մենք ունենք թափուր հաստիքներ 280 հազար մաքուր աշխատավարձով: Գիշերային եւ ցերեկային հերթափոխի վարորդների կարիք ունենք: Զուտ այդ պատճառով է, որ աղբատար մեքենաները նախատեսվածից քիչ են երթուղի դուրս գալիս»,– նշեց Կատվալյանը։

Նա ընդգծեց նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում ցերեկային հերթափոխով երթուղի է դուրս եկել 40, իսկ գիշերը` 37 տեխնիկա։ Փողոցների մաքրությունն էլ իրականացվել է 17 ջրցան, 6 փոշեկուլ մեքենաներով։

Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6–օրյա գրաֆիկով, 2 հերթափոխով իրականացրել են գրանցված 328 սանմաքրման աշխատակցից 289–ը։ Մնացածը ժամանակավոր անաշխատունակության մեջ են և արձակուրդում։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել։

ajax-loader