Հայաստանի հանքանյութերին նվիրված հոդվածաշար՝ իտալական հեղինակավոր գիտական ամսագրում

Իտալական Aspects in Mining & Mineral Science գիտական ամսագիրը հրապարակել է Հայաստանի հանքանյութերին նվիրված հոդվածաշար։

Դրանցից մեկը՝ «Looking for Noble and Rare Metals in Black Shale Formations of Armenia: The Primary Investigations» («Փնտրելով ազնիվ և հազվագյուտ մետաղներ Հայաստանի սև թերթաքարային ֆորմացիաներում․ նախնական հետազոտություններ»), վերաբերում է մեր երկրի տարածքի գորշ ածուխների և այրվող թերթաքարերի մետաղաբերությանը։ Հոդվածի հեղինակները ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Օգտակար հանածոների լաբորատորիայի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Երկրի մասին գիտություններ» ինստիտուտի  աշխատակիցներն են։ Որոշ ազնիվ մետաղների համար ստացվել են նշանակալից տվյալներ։

Գիտությունների ազգային ակադեմիայի նույն ինստիտուտի և Հռոմի La Sapienza Համալսարանի Քիմիական դեպարտամենտի պրոֆեսոր Ե․ Քեհեյանի հետ գործակցությամբ լույս է տեսել նաև «The Ore-Bearing Potential of Amphibolic Gabbro Rocks of Koghov Mountain (Southern Armenia)» հոդվածը։ 

Մյուս հոդվածը՝ «Geoarchaeological investigations in Artanish Peninsula, Armenia: Testing a new geochemical prospecting method for archaeology», ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ/IGS Armenian NAS, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հալեի Մարտին Լյութերի անվ. համալսարանի (Գերմանիա), Մյունխենի Լյուդվիգի և Մաքսիմիլիանի անվան համալսարանի (Գերմանիա) գիտաշխատողների համատեղ աշխատանքների արդյունքները:

2019–2021 թվականների ընթացքում հայ-գերմանական հետազոտական արշավախումբը՝ կազմված երկրաբաններից ու հնագետներից, Սևանա լճի Արտանիշի թերակղզում իրականացրել է որոնողաերկրաքիմիական և հնագիտական ուսումնասիրություններ:
Ուսումնասիրությունները կատարվել են Արտանիշ 23 և Արտանիշ 29 դամբարանադաշտերում։ Այստեղ մինչև պեղումներն իրականացվել է երկրաքիմիական հանույթ (նմուշարկվել է մակերեսի բնահողը և նմուշների անալիզների հիման վրա կատարվել են երկրաքիմիական հետազոտություններ):

Պեղումների համար ընտրվել են այն դամբարանները, որոնց վրա՝ բնահողի մեջ, գրանցվել են միայն դամբարանների պարունակություն հանդիսացող արտեֆակտներին և ոսկորներին բնորոշ (ըստ նոր մշակված մեթոդի) քիմիական էլեմենտների անոմալ բարձր պարունակություններ։
Երկրաքիմիայի արդյունքներով առաջարկված ու իրականացված պեղումները ցույց են տվել հնագիտական նյութի և երկրաքիմիական հետզոտությունների արդյունքների գրեթե բացարձակ համընկնում:

Հնաերկրաքիմիական այդ մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս մինչև բուն պեղումները սկսելը կանխատեսել և գնահատել հնավայրից ստացվող արդյունքները՝ մակերեսից կատարվող ուսումնասիրությամբ: Այն, ի տարբերություն երկրաֆիզիկականի, տալիս է հնավայրի ներքին պարունակության որակական գնահատականը։

Դամբարանախցերից մեկում փաստագրվել են նաև Սևանա լճի մակարդակի տատանումներից մնացած հետքեր, որոնք «մատնում էին» երկաթի դարաշրջանում դամբարանադաշտերի՝ ավելի բարձրադիր մասեր տեղափոխման պատճառները: Այդ առումով երկրաբանական և հնագիտական համատեղ ուսումնասիրությունները թույլ են տալիս կատարել վերակազմություններ լճի մակարդակի տատանումների և ափի բնակեցման ինստենսիվության ու վերատեղայնացման վերաբերյալ:

ajax-loader