Կուբայի նախագահը գլխավորել է պաղեստինամետ երթ, որին մասնակցել են հազարավոր մարդիկ

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Հավանայում գլխավորել է հազարավոր մարդկանց երթը, որոնք իրենց համերաշխությունն էին հայտնում պաղեստինցիներին՝ պահանջելով վերջ դնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմին։ Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Կուբայի նախագահը երթի ժամանակ կրել է պաղեստինյան սև ու սպիտակ քեֆիյե շարֆ։ Նրան ուղեկցել են նաև երկրի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը։

Երթի մասնակիցները քայլել են 2 կմ, անցել են ԱՄՆ դեսպանատան կողքով։ Երթին են միացել նաև Կուբայի բժշկական համալսարանում սովորող պաղեստինցի ուսանողները։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր Կուբայի բարձրաստիճան ղեկավարությունն արդեն երկրորդ անգամ է մասնակցում պաղեստինցիների հետ համերաշխության ակցիաների։

Ավելի վաղ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև տեղի ժամանակով ժամը 7։00-ից ուժի մեջ է մտել քառօրյա հրադադարը։ Նոյեմբերի 24-ին ազատ կարձակվեն Գազայում պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ դրա դիմաց Իսրայելն ազատ կարձակի բանտարկված 39 պաղեստինցիների։ Նաև Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն և վառելիք։

Իսրայելը Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային գործողությունը սկսել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։

Իսրայելական հարվածների ընթացքում Գազայում զոհերի թիվը գերազանցել է 14 000-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։

ajax-loader