Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը քննարկել է ՏԿԵ նախարարության նախագիծը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՏԿԵ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ միության տեսակետները։

Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։

Քննարկում անցկացնելու նպատակը պետական սեկտորի հետ գործակցելով ընդերքը շահահագործելու բարելավմանն ուղղված օրենսդրական նախագծերի համատեղ մշակումն է։

Հանդիպման ավարտին որոշվել է հնչած կարծիքները գրավոր տրամադրել միությանը, ի մի բերել և ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ դրանք օրինագծում ներառելու նպատակով։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության՝ նախագծին առնչվող տեսակետներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ․

1․  Նախագծում կիրառվում է «տեխնածին հանքավայրեր» հասկացությունը և սահմանվում են ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող տեխնածին հանքավայրերի պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) նյութերի բովանդակության պահանջները, սակայն անհրաժեշտ հիշեցնել, որ դեռևս 2016թ․ հոկտեմբերի 18-ին ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-161-Ն) «տեխնածին հանքավայր» հասկացությունը և դրանից բխող կարգավորումներն այլևս չեն կիրառվում, քանի որ դրանք փոխարինվել են «Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը» հասկացությամբ, որոնց վերաբերյալ կարգավորումներն ամփոփված են Օրենսգրքի՝ «Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները»  5․1 գլխում։

Վերոնշյալ օրենքի դրույթների կիրարկումն ապահովելու համար՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1571-Ն որոշման հավելվածից հանվել է «տեխնածին հանքավայրեր» հասկացությունը։

2) ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 774-Ն որոշմամբ հաստատվել է Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը, որի համաձայն  շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները՝ փակված օբյեկտի նույնականացում, գույքագրման ամփոփ տեղեկատվական թերթիկի պատրաստում և  օբյեկտի դասակարգում՝ ըստ վտանգավորության դասի:

Գույքագրումն իրականացվելու է երկու փուլով`

1) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների մասին նախագծերի, հաշվետվությունների, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, օգտակար հանածոների վերամշակման փորձարարական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվական նյութերի ուսումնասիրություն.

2) դաշտային ուսումնասիրություններ:

Դաշտային ուսումնասիրությունների ընթացքում կատարվում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների և հարակից տարածքների ուսումնասիրություն՝ տեղազննման, նմուշառման, նմուշների քիմիական վերլուծության եղանակներով: Դաշտային ուսումնասիրությունների արդյունքում պետք է ապահովվի հետևյալ հարցերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվությունը`

– օբյեկտի տիպ (պոչամբարներ, խարամակուտակիչներ, շլամակուտակիչներ և այլն).

– օբյեկտի զբաղեցրած մակերես.

– օբյեկտում կուտակված ընդերքօգտագործման թափոնների ծավալ.

– օբյեկտում կուտակված թափոնների ագրեգատային վիճակ.

– օբյեկտում կուտակված թափոնների քիմիական բաղադրություն.

– օբյեկտի վտանգավորության դասի որոշում.

– օբյեկտի վնասակար ազդեցության գոտու սահմանների որոշում.

– շրջակա միջավայրի աղտոտվածության բնույթի ուսումնասիրություն։

Ընդերքի մասին օրենսգրքի 60․3-րդ հոդվածի և 2017թ․ հուլիսի 27-ի N906-ն որոշման համաձայն ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը պետք է իրականացվի օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների միջոցներով՝ օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան, իսկ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները պետք է կազմվեն՝ հետևելով թափոնների առաջացումը և դրանց վնասակարությունը հնարավորինս նվազեցնելու սկզբունքին, հատկապես հաշվի առնելով՝

-ընդերքօգտագործման թափոնների կառավարումը նախագծման փուլում և հանքարդյունահանման ու մշակման համար օգտագործվող մեթոդների ընտրություն կատարելիս.

-օգտակար հանածոյի արդյունահանումից հետո ընդերքօգտագործման թափոնները ստորերկրյա խոռոչ կրկին փոխադրելը (եթե այդպիսիք կան), որքան հնարավոր է տեխնիկական և տնտեսական առումով և ընդունելի բնապահպանական տեսանկյունից.

-ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո ռեկուլտիվացումը.

-օգտակար հանածոյի մշակման համար առավել քիչ վտանգավոր նյութերի օգտագործումը.

-ընդերքօգտագործման թափոններից արժեքավոր նյութերի ստացմանը նպաստելը այդպիսի թափոնների օգտահանման, բազմակի օգտագործման կամ վերամշակման միջոցով, եթե դա ընդունելի է բնապահպանական տեսանկյունից.

– ընդերքօգտագործման թափոնների անվտանգ հեռացման ապահովումը կարճաժամկետ և երկարաժամկետ, մասնավորապես նախագծման փուլում օբյեկտի գործունեության ընթացքում և դրա փակումից հետո կառավարումը և ընտրելով այնպիսի նախագիծ, որը՝

  • պահանջում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի դիտանցում, հսկողություն և կառավարում նվազագույն չափով և հնարավորության դեպքում դրանց բացառում,
  • հնարավորինս նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի (օդ, հող, ջրային ռեսուրսներ, ինչպես նաև բուսական, կենդանական աշխարհ) վրա և բացառում է հարակից ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա բացասական ազդեցությունները,
  • ապահովում է նախկինում գոյություն ունեցած՝ հողի մակերևույթից ավելի բարձր խոյացող պատվարների կամ թափոնակույտի գեոտեխնիկական երկարաժամկետ կայունությունը.

-ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի դասակարգման առանձնահատկությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքագրված տեղեկություններ ստանալու համար կարող է դիմել շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին՝ փոխօգնության։

Հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ ահնրաժեշտ է նախարարի հրամանով սահմանվող «տեխնածին հանքավայր» հասկացությունը և դրա հետ կապված բոլոր կարգավորումները հանել որոշման նախագծից։

2․ հրամանի նախագծով առաջարկվող N3-րդ հավելվածի՝

1) 2-րդ կետի համաձայն պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարները ենթակա են դուրսգրման Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 274-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ պինդ օգտակար հանածոների հան­քա­վայրերի պաշարների և կան­խա­տե­սումային պաշարների դասակարգման (այսուհետ՝ Դասակարգում) 42-րդ կետով սահմանված դեպքերում, դրանք են՝

«1)արդյունահանված և սպառողներին ու վերամշակման ուղարկված.

2) արդյունահանման գործընթացում կորսված՝ չպոկված վիճակում ընդերքում թողնված, ընդերքից հանված և արտադրական լցակույտեր տեղափոխված, ինչպես նաև տեղափոխման, բարձման ու բեռնաթափման ժամանակ և պահպանման տեղերում կորսված.

3)արդյունաբերական նշանակությունը կորցրած` կապված նոր հաստատված կոնդիցիաներին դրանց անհամապատասխանության, ջրա-ինժեներա-երկրաբանական և այլ պայմանների բարդացման հետ.

4)չարդարացված` հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և մշակման ժամանակ օգտակար հանածոների քանակի, որակի ու տեղադրման պայմանների վերաբերյալ նոր տվյալների ստացման արդյունքներով հիմնավորված:

Մինչդեռ նախագծով նախատեսվում է միայն 42-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով՝ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական նշա­նա­կու­թյունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պա­շար­նե­րի դուրսգրում։ Հետևաբար անհրաժեշտ է որոշման նախագծում հստակ սահմանել, թե 42-րդ կետի ո՞ր ենթակետերի վրա է այդ պահանջը տարածվում։

2) 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ Արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանք­նե­րի արդ­յուն­­քում չհավաստված պաշարների հիմնավորման և դրանց հետագա դուրս գրման վերաբերյալ դրա­կան փորձագիտական եզրակացություն տալու նպատակով իրա­­կա­նացվում է պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շա­հա­գործ­ման տվյալների համադրում (այսուհետ՝ Համադրում): Իսկ համադրումը իրականացվում է պինդ օգտակար հանածոների հան­քա­վայ­րերի հետա­խուզ­ման և շահագործման տվյալների համադրման մեթոդական ցուցում­նե­րի  պահանջներին հա­մա­պա­տաս­խան, սակայն օրենսդրությամբ չկան սահմանմանված համադրման մեթոդական ցուցում­նե­ր, ինչպես նաև չկա դրանց սահմանման անհրաժեշտության վերաբերյալ օրենքով  նախատեսված որևէ դրույթ։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս իրավական ակտում հղում կատարել գոյություն չունեցող իրավական ակտին։ 

Հետևաբար առաջարկում ենք համադրման մեթոդական ցուցում­նե­րի  վերաբերյալ դրույթը նախագծից հանել։

3) 6-8-րդ կետերի համաձայն դուրսգրման ենթակա պաշարների հիմնավորման նյութերը կարող են ներկայացվել պաշարների վե­րագնա­­հատ­ման հաշվետվության հետ մեկտեղ կամ առանձին։

Մինչդե ՀՀ կառավարության N 274-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ պինդ օգտակար հանածոների հան­քա­վայրերի պաշարների և կան­խա­տե­սումային պաշարների դասակարգման (այսուհետ՝ Դասակարգում) 47-րդ և 48-րդ կետերով սահմանված են, որ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) հանքային հումքի կոնդիցիաները և պաշարները ենթակա են վերահաստատման ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ և Կոնդիցիաների պարամետրերը և պինդ օգտակար հանածոների պաշարները ենթակա են վերահաստատման, եթե`

– շահագործական հետախուզության ընթացքում բացահայտվել են նոր հանքատեսակներ կամ տիպեր, ինչպես նաև հիմնական և ուղեկից օգտակար հանածոների օգտագործման նոր ուղղություններ.

– փոփոխվել են հանքային հումքի որակին ներկայացվող ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները.

– պաշարների հավելաճը գործակալության` նախկինում հաստատված պաշարների համեմատությամբ կազմել է 50 և ավելի տոկոս.

– դուրս է գրվել հանքավայրի լրահետախուզման արդյունքներով չարդարացված կամ արդյունաբերական նշանակությունը կորցրած` հաստատված հաշվեկշռային պաշարների ավելի քան 30 տոկոսը.

-փոփոխվել են հանքավայրի բնական պայմանների մասին պատկերացումները, բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պահանջները, սոցիալ-տնտեսական իրադրությունը, շուկայի պահանջարկը, հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիաները և այլ օբյեկտիվ պայմաններ՝ հանգեցնելով շահույթի 20 և ավելի %-ով աճի (նվազման):

Անհասկանալի է․ դուրսգրման հիմնավորվածության (կամ համադրման) վերաբերյալ առան­ձին հաշ­վետվություն կազմելու դեպքում մի՞թե վերագնահատում (վերահաստատում) չի կատարվելու, եթե՝ այո, ապա նախագծի այս դրույթը հակասում է ՀՀ կառավարության N 274-Ն որոշմանը։

Նախագծում հստակեցված չեն նաև պաշարների դուրսգրման առան­ձին հաշ­վետվության ներկայացման ժամկետները։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ այն հետագայում կպահանջվի ներկայացնել յուրաքանչյուր տարի, քանի որ, որպես կանոն, պրակտիկան ցույց է տալիս, որ օգտակար հանածոյի արդյունահանման ժամանակ գնահատված պաշարները մեծամասամբ չեն հավաստվում։

Անհասկանալի է նաև, թե որն է պաշարների դուրսգրման նյութերի փորձաքննության իրականացման անհրաժեշտությունը, երբ վերոնշյալ որոշման համաձայն հաշվարկային բլոկների տարբեր կարգի պաշարների հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±10%-ից հասնում է մինչև ±60 %-ի, իսկ ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության՝  առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (որակ, հզորություն) փոփոխականության գործակիցը տատանվում է 40%-ից միչև 160 % և ավելի: Ստացվում է, որ համաձայն N 274-Ն որոշման, պաշարների սկզբանական գնահատման ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանվող պաշարները կարող են չհավաստվել, առավել ևս, որ արդյունահանման աշխատանքների նկատմամբ հսկողություն է իրականացնում համապատասխան պետական լիազոր մարմինը (տեսչական մարմինը)։

ajax-loader