Երևանում կփակցվեն Ալպիկ Մկրտչյանի, Էմիլ Գրիգորյանի, Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները: Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ ավագանին հաստատեց հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հուշատախտակը Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 20 հասցեում փակցնելու մասին նախագիծը: Հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ընտանիքը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում: 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Եղել է ԵՊՀ Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն 1979-1980 թվականներին, 1980 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի բաժնի վարիչ, 1981-2006 թվականներին` տնօրեն, 1986 թվականից, միաժամանակ` ՀՊՃՀ գիտական սարքաշինության ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
Ավագանու որոշմամբ՝ Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն էլ կփակցվի Արշակունյաց պողոտա 12 հասցեում՝ իր անունը կրող Ոսկերչական գործարանի պատին:
Միջնորդությունը ներկայացվել է Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Տիգրան Երոյանի կողմից: Ծախսերը հոգալու է Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ն:
Էմիլ Գրիգորյանը ծնվել է 1938 թ. Երևանում: 1955 թ. ոսկե մեդալով ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1960-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս բուհական նստարանից՝ Երևանի ոսկերչական գործարանում աշխատելով որպես տեխնոլոգ-նորմավորող: 1983 թ. նա սկսել է ղեկավարել Երևանի ոսկերչական գործարանը: 1998 թ. Էմիլ Գրիգորյանի նախաձեռնությամբ և ջանքերով ստեղծվել է Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միությունը: Էմիլ Գրիգորյանն իրականացրել է բազմաբնույթ բարեգործական գործունեություն: 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով, իսկ 2011 թ-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ավագանու որոշմամբ՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Բագրատունյաց փողոցի հ. 34Ա հասցեում։ Միջնորդությունը ներկայացվել է որդու կողմից, իսկ հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ընտանիքը:
Արարատ Սահակյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 21-ին Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում՝ ստանալով 6-ամյա կրթություն: 1946 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության: Նույն թվականին ընդունվել է աշխատանքի «Հայսնունդարտշինտրեստում»՝ որպես ատաղձագործի օգնական: 1947 թվականի հունվարին ստացել է 6-րդ կարգի ատաղձագործի որակավորում:
Նա իր ղեկավարած շինարարական բրիգադով աշխատել է հայտնի ճարտարապետների հետ և 1970-2000-ական թվականներին մասնակցել է Երևան քաղաքի խոշոր ճարտարապետական կառույցների՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի բոլոր կայարանների, Մարզահամերգային համալիրի, Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի, արդյունաբերական խոշոր 12 գործարանի, բազմաբնակարան 28 շենքի կառուցմանը: