էլեկտրոնային տոմսային համակարգ. Հայաստանի թանգարաններում նորություններ են սպասվում

Հայաստանում թանգարանային ոլորտը համակարգելու, թանգարանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոլորտում բազմաթիվ փոփոխություններ կիրականացվեն:

Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց՝ պետական քաղաքականության նպատակն է թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացումը և թանգարանային տարածքների արդիականացումը, ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակումը, ինչի ուղղությամբ հետաքրքիր և կարևոր քայլեր են անելու:

«Առաջին անգամ Հայաստանում կունենանք թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրություն: Այս պահին այն ՀՀ կառավարությունում է: Ենթադրվում է՝ առաջիկա նիստում կհաստատվի ու կներկայացվի ՀՀ ազգային ժողովում, իսկ այնտեղ հաստատվելուց հետո կունենանք թանգարանների օրենք: Օրենքից բացի, նախատեսում ենք անցնել կառավարման նոր մոդելի, որի համար ստեղծում ենք Մշակույթի զարգացման հիմնադրամ, որն իրականացնելու է թանգարանների աջակցման գործառույթը»,-նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նոր ուղղություններից է նաև թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ներդրումը, որը կարևոր բարեփոխում է և ապահովում է  թափանցիկություն ու հարմարավետություն: Համակարգի ներդրումը  հնարավորություն կտա ապահովել ցուցադրությունների թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպում, տոմսային տնտեսության  և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմի ներդնում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների արդիականացում:

Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ պետությունը երկար տարիներ թանգարանների համար նոր մշակութային արժեք չի գնել: Իրենք որոշել են վերսկսել այդ գործընթացը: «Այս տարի թանգարանային արժեքների ցանկ կուղարկենք կառավարություն: Հաստատվելու դեպքում մեր թանգարանները կհամալրվեն նոր արժեքներով»,-ասաց նախարարի տեղակալը:

Մտադիր են նաև մշակութային արժեքների աճուրդային մշակույթը կայացնել Հայաստանում՝ համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ:

Նպատակ ունեն  վերականգնողի մասնագիտությունը ներդնել Հայաստանում: Հիմա աշխատում են իտալացի, ֆրանսիացի գործընկերների հետ, որպեսզի նրանց փորձը կիրառելով՝ կարողանան այդ կրթական ծրագիրն իրականացնել Հայաստանի բուհերում:

Շարունակելու են ոլորտի մասնագետների վերապատրաստումը: 2023 թվականին Ֆրանսիայի հետ համատեղ իրականացրել են վերապատրաստման ծրագրեր, որոնք շարունակական կլինեն և ավելի ինտենսիվ, իսկ Թանգարանների առարկաներ շտեմարանը նախատեսում են համալրել 800 հազար թանգարանային արժեքով: Այս պահին  արժեքների թիվը 350 հազար է:

ajax-loader