Սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն աջակցություն ստանալ կոմունալ վճարումների և այլ ծախսերի համար

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել  Հայաստանի Հանրապետության սահմանամերձ 82 համայնքների և բնակավայրերի  սոցիալական աջակցության տրամադրումը։

Ազգային ժողովի հերթական նիստին «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ օրենքի նախագծի՝ սահմանամերձ համայնքների և բնակավայրերի բնակիչները կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից:

Տերտերյանը նշեց, որ վերոնշյալ օրենքը գործում է 2015 թվականից, օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է:

«Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը»,- նշեց Տերտերյանը։

Համաձայն գործող օրենքի` 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետն ավարտվում է:

ajax-loader