Հոկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությունները

ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում  հոկտեմբերի 26-ից․ որոնց համաձայն՝ միգրանտը կարող է Госуслуги կայքի միջոցով միգրացիոն հաշվառման կանգնել:

Այդ մասին տեղեկացրեց Հայկական Կարիտասի «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի փորձագետ Տաթևիկ  Բեժանյանը՝ նշելով, որ  այժմ միգրանտը և նրա կողմից վարձակալած բնակարանի սեփականատերը պետք է գրանցված լինեն  Госуслуги կայքում, այնուհետև՝ բնակարանը վարձելուց հետո, միգրանտը կայքի իր էջում պետք է ներբեռնի վարձակալության պայմանագիրը, որը 3-օրյա ժամկետում պետք է հաստատի բնակարանի սեփականատերը, ինչից հետո միգրանտը կհամարվի հաշվառված վարձակալած բնակարանի հասցեում։ Եթե բնակարանի սեփականատերը չհաստատի, հաշվառում չի իրականացվի:

«Այդ դեպքում պատասխանատվություն կկրի միայն միգրանտը՝ մուտքի արգելքի տեսքով: Նախկինում 7-օրյա ժամկետում միգրանտին չհաշվառելու համար բնակարանի սեփականատերը ենթարկվում էր վարչական պատասխանատվության, այժմ միայն միգրանտն է ենթարկվելու պատասխանատվության»,- մանրամասնել է Բեժանյանը:

«Госуслуги կայքում գրանցվելու համար միգրանտը պետք է ունենա հարկ վճարողի նույնականացման համար (ՀՎՆՀ)։  Սակայն այստեղ էլ դժվարություններ են առաջանում օրենքում առկա բացերի պատճառով․ ՀՎՆՀ ստանալու համար միգրանտը պետք է ունենա միգրացիոն հաշվառում, և առաջին անգամ ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտը, որը չունի ՀՀՆՀ, շատ դժվար իրավիճակում է հայտնվում։ Առաջին անգամ ՌԴ մեկնող միգրանտը, որպեսզի միգրացիոն հաշվառման կանգնի, պետք է ունենա ՀՀՆՀ, իսկ որպեսզի ունենա ՀՀՆՀ, պետք է արդեն իսկ միգրացիոն հաշվառման կանգնած լինի:

Բեժանյանը պարզաբանել է, որ այսպիսի դեպքի համար առաջարկում են, որ բնակարանի սեփականատերը իր  էջով ուղարկի վարձակալության պայմանագիրը, ապա եռօրյա ժամկետում այն հաստատի, որպեսզի միգրանտը կարողանա կանգնել միգրացիոն հաշվառման և ձեռք բերի ՀՎՆՀ, իսկ արդեն հաշվառման երկարացման համար իր էջը բացի Госуслуги կայքում:

«Սակայն, եթե տանտերը հրաժարվի վերը նշված գործողություններն իրականացնելուց, ապա նա որևէ պատասխանատվություն չի կրի, իսկ միգրանտը կհամարվի անօրինական և կստանա մուտքի արգելք»,-նշում է Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրը նրանում է, որ, չնայած օրենքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 26-ից, բայց Госуслуги կայքում միգրացիոն հաշվառման կանգնելու ձևաթուղթը առկա չէ: Պատկան մարմինները նշում են, որ այն մշակման փուլում է ու, հավանաբար, պատրաստ կլինի դեկտեմբերի 1-ին։

ajax-loader