Սոթքի հանքում աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել տնտեսության վրա. նախարար

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ–ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նման հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2023թ–ի հիմնական տնտեսական ցուցանիշները։

Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է մայիսին։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել․ խոսքը փակ հատվածի մասին է

Հովհաննիսյանի խոսքով՝ արդյունաբերությունը բացասաբար է ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, և այստեղ մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Սոթի հանքի փակումը։

Հիմնական տնտեսական աճն ապահովվել է ծառայությունների աճով։ Արդյունքում 2023թ–ի հունվար–սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 9.7 տոկոս, թեև օգոստոսին գրանցված բարձր աճը սեպտեմբերին դանդաղել է նաև ծառայությունների ոլորտում։

ՀՀ–ից արտահանումը 2023թ–ին աճել է 48 տոկոսով, ինչը, ըստ նրա, պայմանավորված է հիմնականում դեպի ՌԴ վերաարտահանման ծավալների 3–ակի աճով, մինչդեռ հայկական արտադրության ապրանքները արտահանման մեջ նվազել են 0.8 տոկոսով։

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 48.8 տոկոսով։ ՌԴ–ից ՀՀ այցելուների թիվն ավելացել է 64.3 տոկոսով։

Հունվար–սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 մլն 850 հազարի. ՌԴ–ից945 հազար, այլ երկրներից 905 հազար»,– ասաց Հովհաննիսյանը։

Աշխատավարձերը 2023թ–ի առաջին կեսին աճել են 17.4 տոկոսով, աշխատողների թիվն ավելացել է 5.8 տոկոսով, գործազրկությունը նվազել 16-ով։

2023-ի երկրորդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 11.7 տոկոս, ինչը ֆինանսների նախարարի գնահատմամբ,պատմականորեն ամենացածրն է ՀՀ–ի համար։

ajax-loader