Երևանի ավագանին ընտրեց չորս փոխքաղաքապետեր

«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն  ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ ստանալով  32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն:

Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 48-ը։

Փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվել է նաև ՔՊ խմբակցության  անդամ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը:  Լևոն Հովհաննիսյանն ընտրվել է  31 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով։ Իսկ Սուրեն Գրիգորյանը փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվեց  32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնեց  32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի մեկնարկին  հայտարարեց նաև, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը:

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է  ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարն է Վահան Ավագյանը, քարտուղարը՝ Վահե Եսայանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունից առաջ լքեցին նիստերի դահլիճը։

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում:

ajax-loader