Մոսկվայի մարզում սպանել են Ստաս Նամինի որդի Արտեմ Միկոյանին և նրա տատիկին

Մոսկվայի մարզի Կրյուկովո ավանի առանձնատանը հայտնաբերվել են թոշակառու կնոջ և նրա 30-ամյա թոռան դանակահարված մարմինները։ Սպանության կասկածյալը կալանավորված է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունում։

Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ սպանվածներն են ռոք երաժիշտ Ստաս Նամինի 30-ամյա որդի Արտեմ Միկոյանը և Նամինի զոքանչ Պոլինա Տկաչենկոն։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը երաժշտի ավագ որդի Ռոման Միկոյանն է։

«Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի Քննչական գլխավոր վարչության քննչական բաժնի քննիչը հարուցել է քրեական գործ Կրյուկովո ավանի մասնավոր տանը կտրած-ծակած վերքերով թոշակառու կնոջ և նրա 30-ամյա թոռան մարմինների հայտնաբերման փաստով (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ): Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրանց հարազատը», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները։ Նշանակվել են դատաբժշկական և մոլեկուլային-գենետիկական փորձաքննություններ։

«Առաջիկայում դատարանը դատախազության մասնակցությամբ կքննի (խմբ․՝ կասկածյալի նկատմամբ) խափանման միջոց ընտրելու հարցը», – հավելել են մարզի դատախազությունում։

Արտեմ Միկոյանը նկարիչ և կինեմատոգրաֆիստ է, Ստաս Նամինի որդին և խորհրդային պետական ​​գործիչ Անաստաս Միկոյանի ծոռը։

Ըստ իրավապահների՝ սպանության շարժառիթ կարող էին լինել գույքային տարաձայնությունները։ 

ajax-loader