Կառավարությունն արտոնություն տվեց վարդի ժամանակակից ջերմոց կառուցող ընկերությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՌՈԶԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈԶԳՈԼԴ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝13826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։

Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։

Ջերմոցները կառուցվելու են ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման և 480 մլն դրամի ներդրում հողային, մոնտաժային և այլ աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 918 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45․9 մլն դրամ:

ajax-loader