Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու. Կարեն Գիլոյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարծում է, որ Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու մարզաձևի պատմության ընթացքում:

«Այն, որ Հայաստանում միջազգային առաջնություններ անցկացնելը կենսական անհրաժեշտություն է, աներկբա է: Դրանով մենք հանրահռչակում ենք մեր երկիրը, ցույց ենք տալիս, որ մենք կարող ենք անցկացնել ամենաբարձր կարգի մրցումներ: Բացի այդ, մեր մարզիկներին հնարավորություն ենք տալիս սեփական հարկի տակ ելույթ ունենալ և երկրպագուներին էլ համաշխարհային մեծ սպորտին առնչվելու հնարավորություն ենք տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Գիլոյանն ընդգծեց` սամբոյի աշխարհի առաջնության հյուրընկալությունը նախորդիվ կայացած՝  դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անթերի կազմակերպելու և անցկացնելու շնորհիվ է:

«Կարծում եմ, որ սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու: Մենք փորձելու ենք անել այնպես, որ երբևէ կայացած ամենամեծամասշտաբ առաջնությունը լինի: Փորձելու ենք հրավիրյալ երկրների քանակը անցկացնել 100-ից: Մենք քննարկումների մեջ ենք միջազգային և Հայաստանի ֆեդերացիաների հետ: Ունենք նաև միջկառավարական հանձնաժողով, որը պարբերաբար քննարկում է անցկացնում առաջնության շուրջ: Վստահ եմ, որ մենք պարզ ճակատով անցկացնելու ենք այս առաջնությունը»,-ասաց Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` գալիք տարի այլ միջազգային մրցաշարեր էլ կլինեն Հայաստանում, սակայն դեռևս վաղ է փակագծերը բացել:

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը, Երևանում։

Իսկ 2022 թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար:

ajax-loader