Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիներ

ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 16-ին կազմակերպվում է Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։

392943357_711136381043862_2957535759440681991_n.jpg (116 KB)
ajax-loader