Իրանում նոր նավթահանք է հայտնաբերվել

 Իրանի իշխանությունները երկրի հյուսիսում գտնվող Գոլեստանի նահանգում հայտնաբերել են Հիրկանի նավթային հանքավայրը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Իրանի նավթի նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել Հիրկանի հանքավայրը հայտնաբերելու համար, և այդ ջանքերը տվել են դրական արդյունքներ։ 3000 մետր խորության վրա հայտնաբերվել և հաստատվել են առնվազն 27 միլիոն բարելի չափով նավթային պաշարներ»:

Ընթացիկ տարվա հուլիսի 5-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ՕՊԵԿ-ի 8-րդ միջազգային սեմինարի ժամանակ հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը նախատեսում է ավելացնել նավթի և գազի արդյունահանումը` հաշվի առնելով իր պաշարները և աշխարհում էներգապաշարների կարիքը: Նախարարն այն ժամանակ  նշել էր, որ Իրանն արդյունահանում է օրական 3,8 մլն բարել ծավալով նավթ և ավելի քան 1 մլրդ խմ ծավալով գազ:

Իրանի տարածքում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների ավելի քան 13%-ը։ ՕՊԵԿ-ի տվյալներով՝ երկրի պաշարները կազմում են առնվազն 208,6 մլրդ բարել։ Գլխավոր  հանքավայրերը գտնվում են հարավային նահանգներում, որոնցից խոշորագույններն են Հարավային Պարսը, Ազադեգանը և Արաշը․ դրանց պաշարները գնահատվում են համապատասխանաբար 18 միլիարդ, 9 միլիարդ և 300 միլիոն բարել:

ajax-loader