Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին կսահմանափակվի երթևեկությունը: Այդ մասին հայտարարություն է ռարածել ՀՀ ոստիկանությունը, մանրամասնելով, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։
ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը 07։00-ից կարգելվի երթևեկությունը հետևյալ ուղղություններով.
- Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից
- Աթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից
- Երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Ապրիլի 24-ին ժամը 07։00-10։30-ն պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։