Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի  հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

«Կցանկանայի հանրայնորեն ասել`  Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: Առայժմ չեմ կարող ավելի մանրամասնել»,- ասաց նախարարը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ իր այս այցը Հայաստան հերթական մի ձև է` ցույց տալու, որ  Ֆրանսիան զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի, ցանկացած մտքի դեմ, որը նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Ֆրանսիան շատ զգոն կլինի բարեկամ երկրի` ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»,- ասաց նա:

ajax-loader