Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել

Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել: Այդ մասին հունվարի 22-ին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը:

«Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշեմ, որ կազմված արձանագրությունների քանակը ավելացել է 20-ով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ընթացիկ գործերի քանակը նվազել է 11-ով, իսկ ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների քանակը ավելացել է 3-ով»,- ասաց Գյուրզադյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով թեմային, մի քանի հարցերի շուրջ մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ եղել են որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների վերաբերյալ արձանագրումներ, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից:

«Քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ունեցել ենք Էրեբունիում: Ես զեկուցագիր եմ ստացել, խնդրեմ եմ այդ զեկուցագրի պատասխանի նկատմամբ  ուշադիր լինել, մանրամասն ամեն դեպքի հստակ բացատրությունը տալ, թե ինչու է այդպես ստացվել: Անկեղծ ասած՝ քանակապես, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Կամ մենք այդտեղ ունենք խնդիր հենց վարչական շրջանի ներսում, կամ, միգուցե, կա բացատրություն, որ դուք կտաք»- նշեց Ավինյանը:

ajax-loader