Կառավարությունը մոտ 22 մլն դոլարով 5 հարկանի շենք կգնի Լոնդոնում՝ ՀՀ դեսպանության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։ 

Սեյնթ Ջեյմս հրապարակը, որտեղ գտնվում է շենքը, համարվում է Լոնդոնի ամենահեղինակավոր և ամենաթանկարժեք թաղամասերից մեկը, ունի պատմամշակութային գրանցում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը, ըստ որոշման նախագծի հիմնավորման, «մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները»: 

2023 թ. ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են տարվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office),ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանութան նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունը իր գործունեութան ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ: Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ: 

«Պետք է հաշվի առնել նաև, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը և անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատև ներդրում։ 

Շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմելու է 17,380,800.0 ֆունտ ստերլինգ: ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 3-ի թիվ 1324-Ն որոշման համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 710,000.0 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ՝ որպես գնվող շենքի կանխավճար, որը փոխանցվել է հասցեատիրոջը»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։ 

«2022 թվականի տարեկան հաշվետվությունը հրապարակելու պահին ընկերությունը հայտարարեց, որ AGL-ը վերանայում է գույքի օգտագործումը: Տարբերակները ներառում էին վաճառքը կամ երրորդ անձանց վարձակալության տալը: Մանրակրկիտ քննարկումից հետո գույքի վաճառքն ավելի ծախսարդյունավետ համարվեց, քանի որ վարձակալությունից լրացուցիչ եկամտի համար դրա պահպանումը կպահանջի զգալի կապիտալ ծախսեր՝ էներգաարդյունավետություն և այլ բարելավումներ ապահովելու համար։ Վաճառքի արդյունքում խումբն ակնկալում է խնայել տարեկան մոտավորապես 1,5 միլիոն դոլար վարչական և ֆինանսական ծախսերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

ajax-loader