Իտալիայում հասարակական տրանսպորտի համազգային գործադուլ է սկսվել

Իտալիայում խոշորագույն արհմիությունների կոչով սեպտեմբերի 18-ին հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողները համազգային գործադուլ են անցկացնում։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:

Ամառային դադարից հետո առաջին բողոքի ակցիան կբարդացնի Իտալիայի խոշորագույն քաղաքներում տրանսպորտի վիճակը՝ ընդ որում չազդելով ավիափոխադրումների և երկաթուղային հաղորդակցության վրա։ Գործադուլների օրենսդրության համաձայն՝ ճյուղի աշխատողները պարտավոր են ապահովել «երաշխավորված» ընդմիջումներով երթևեկությունը, որոնք տարբեր են յուրաքանչյուր առանձին քաղաքի համար, բայց բոլոր դեպքերում ընդգրկում են առավոտյան և երեկոյան ժամերը:

Հասարակական տրանսպորտի աշխատանքը դժվար է լինելու Հռոմում, Միլանում, Թուրինում և մյուս քաղաքներում։ Տեղական տրանսպորտային ընկերությունները նախապես հայտնել են երթուղիների մասին, որոնցով երթևեկությունը լինելու է ընդհատումներով։ Գործադուլը գործնականում կհանգեցնի կանգառներում փոխադրամիջոցի երկար սպասելուն և, ինչպես Հռոմում, մետրոպոլիտենի մի քանի կայարանների փակմանը։ Կախված քաղաքից՝ գործադուլի հետևանքները կզգան մերձքաղաքային էլեկտրագնացքների, ավտոբուսների, տրամվայների, մետրոյի և քաղաքային ճոպանուղիների ուղևորները։

«Քաղաքային հասարակական տրանսպորտի աշխատողների աշխատավարձն ամենացածրն է Եվրոպայում: Աշխատանքի պայմանները վատթարանում են, իսկ ծառայությունների ապահովման մեջ ներգրավվածների առողջության և անվտանգության պաշտպանությունը նվազում է այն դեպքում, երբ պատասխանատվությունը և ռիսկերը մեծանում են: Մինչդեռ ինֆլյացիան ու գները աճում են, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների», – ասվում է տրանսպորտային ճյուղի արհմիությունների համատեղ հայտարարության մեջ։

Աշխատավորների պրոֆեսիոնալ միավորումների պահանջների թվում է աշխատանքային շաբաթվա կրճատումը մինչև 35 ժամ և աշխատավարձի բարձրացումը 300 եվրոյով։

ajax-loader