Աշխարհում բուժաշխատողների խիստ կարիք կա, իսկ Հայաստանն ունի կրթված աշխատուժ. ԱՄԷ պատվիրակության ղեկավար

Հայաստանը գեղեցիկ հնարավորությունների երկիր է իր հյուրընկալությամբ, մշակույթով, պատմությամբ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Ն․Գ. Աբդուլլահ ԱլՄազրուին։

«Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ համագործակցությամբ հաջողակ գործընկերների հետ եւ այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետեւ ՀՀ տնտեսությունը գրանցում է բավականին դինամիկ ու կայուն աճ: Բայց առաջին այցի արդյունքներով խոսել կոնկրետ նախագծերի մասին, ես կդժվարանամ: Ես հույս ունեմ, որ դրանք ապագայում կլինեն: Այս պահին մենք Հայաստանում ենք, որպեսզի հասկանանք, թե ընդհանուր ենթակառուցվածքային եւ կլոգիստիկ տեսանկյունից ինչ ուղիներ կան փոխադարձ առեւտուրը եւ տնտեսական համագործակցությունը խթանելու համար: Սա մեր օրակարգի կարեւոր հարցերից մեկն է»,- ասաց նա:

ԱլՄազրուին նկատեց, որ ԱՄԷ-ում տնտեսության զարգացումը բավականին բարձր է եւ բացառություն չի կազմում նաեւ բժշկական ոլորտը. «Այս ոլորտում ԱՄԷ-ում արդեն աշխարհի 4 լավագույն ընկերություններ գործում են: Մենք այս այցի շրջանակներում ուզում ենք հասկանալ, թե Հայաստանում ինչ համագործակցության եզրեր կան այս ոլորտում: Մենք տեղյակ ենք, որ Հայաստանն ունի բավականին լավ կրթված եւ լավ հնարավորություններով աշխատուժ, իսկ աշխարհում այսօր բուժաշխատողների մեծ պակաս կա: Հնարավոր է համագործակցություն այս ոլորտում: Հնարավոր է համագործակցություն մասնավոր բուժհաստատությունների մակարդակում, ապագա այցերի ժամանակ նախատեսում ենք, որ նրանք եւս ներկա կլինեն: Այս տեսանկյունից հատկանշական է, որ Հայաստանն այս ոլորտում բավականին մեծ հարկային արտոնություններ է տրամադրում, ինչը քաջալերող է»:

Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։

Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

ajax-loader