Նախատեսվում է Ռոստովից հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ ԿԽՄԿ մեքենաներով

ՌԴ Ռոստով քաղաքից նախատեսվում է ԿԽՄԿ-ի մեքենաներով հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ՝  Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով: Այդ մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

«Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների:

Տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

ajax-loader