Պատերազմի մասնակիցների ու զորացրված զինծառայողների զբաղվածության ապահովման ծրագիրն ընդլայնվում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ռազմական գործողություններին մասնակցած և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովման ծրագրի նկատմամբ պահանջարկն ավելանում է։ Նախորդ տարի մեկնարկած այս ծրագիրը նախատեսված էր իրականացնել 200 շահառուի համար, սակայն տարվա ընթացքում պահանջարկը մեծ էր և ծրագիրն ընդլայնվեց՝ արդյունքում ներգրավելով 280 շահառուի։

«Այս տարի մենք ակնկալում ենք արդեն 500 շահառուի ներգրավել։ Թեպետ, եթե կլինեն նշված ցուցանիշից ավելի դիմողներ, ապա մենք պատրաստ ենք ներգրավել, ֆինանսական առումով խնդիր չկա։ Ասեմ, որ այս տարի արդեն 140 մասնակից  ծրագրի շրջանակում ունի գործատուի հետ կնքած պայմանագիր»,- հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Ծրագրի շրջանակում պետությունն աջակցություն է ցուցաբերում ինչպես շահառուին, այնպես էլ նրանց աշխատանքի ընդունող գործատուներին։ Գործատուներն ունեն ընտրություն, թե ինչ եղանակով պատերազմի մասնակիցներին, պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներին ընդունեն աշխատանքի։

 Առաջին եղանակով գործատուն կարող է նախ իրականացնել  մասնագիտական ուսուցում մինչև 5 ամիս ժամկետով, որից հետո նոր շահառուին աշխատանքի ընդունել։ Պետությունը մասնագիտական ուսուցման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար կտրամադրի 50 հազար դրամ։ Շահառուին էլ կտրամադրի կրթաթոշակ, յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ 37 հազար 500 դրամ։

«Կարևոր պայմանն այն է, որ շահառուն մեկ տարի առնվազն աշխատանքային հարաբերությունների մեջ լինի գործատուի հետ։ Այնպես չլինի, մասնագիտական ուսուցումը կատարվի, գումար ծախսվի, հետո գործատուն ասի՝ չեմ կնքում պայմանագիր։ Ծրագրի պահանջներից մեկը հենց դա է։ Աշխատանքի ընդունելուց հետո գործատուին պետությունը միայնակ չի թողնում, մեկ տարվա ընթացքում կվճարվի աշխատողի պետական հարկերը»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Երկրորդ եղանակով գործատուն կարող է ուսուցման անհրաժեշտություն չտեսնել, և շահառուին ընդունել պրակտիկայի՝ մինչև երեք ամիս ժամկետով։ Այս դեպքում ևս պարտադիր պահանջը մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքելն է։ Պրակտիկայի ընթացքում պետությունը կվճարի նվազագույն աշխատավարձի չափով։ Աշխատանքի ընդունելուց հետո պետությունը կվճարի հարկերը մինչև 50 հազար դրամի սահմաններում։

Երրորդ եղանակի համաձայն՝ գործատուն կստանա միանվագ գումար շահառուին միանգամից աշխատանքի ընդունելու դեպքում։  Գումարի չափը 300 հազար դրամ է։ Պարտադիր պահանջը կրկին մեկ տարվա աշխատանքային պայմանագիր կնքելն է։

Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագրով ոլորտների որևէ սահմանափակում չկա, կարող են դիմել բոլոր այն գործատուները, որոնք ունենք թափուր աշխատատեղեր։ Եղած հայտերը, աշխատանքի տեղավորվածների տվյալները ցույց են տալիս, որ ուղղությունները բազմազան են՝ բժիշկ, կահույքագործ, խոհարար, վեբ- դիզայներ, հաշվապահ, առաքիչ, զոդող և այլն։ 

Ցանկացող շահառուներն ու գործատուները կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության գրասենյակ։

ajax-loader