ՀՀ-ում և Իրանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ՝ համակարգելու ձեռքբերումները տարբեր ոլորտներում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին` ընդգծելով ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները և դրանք խթանելու անհրաժեշտությունը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, դեսպանն առանձնացրել է բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումները: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ:

Մեր երկրում կկազմակերպվի նաև իրանական արտադրության դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցուցահանդես: Ակտիվ աշխատանքներ կլինեն բժշկական կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիության ուղղությամբ:

Նախարարը և դեսպանը քննարկել են նաև ոչ վարակիչ` սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև բժշկական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները:

Անահիտ Ավանեսյանը դեսպանի միջոցով Հայաստան այցելելու հրավեր է փոխանցել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին:

ajax-loader