ԵԱՏՄ-ն և Նիկարագուան համաձայնեցրել են գործակցությունը մինչև 2027-ը

Նիկարագուայի կառավարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ՝ Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող ​​կարգավորող մարմին) ներկայացուցիչներն ստորագրել են համագործակցության հուշագիր և 2024-2027 թվականների համատեղ միջոցառումների պլան: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դա թույլ կտա մեզ փոխանակել մեծ քանակությամբ  տեղեկատվություն, որը կենսականորեն կարևոր է արգելքների հաղթահարման, համագործակցության և կապերի ամրապնդման համար բոլոր տնտեսական ոլորտներում՝ նայելով ապագային այն առումով, թե ինչը կարող է դառնալ ազատ առևտրի համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության և Նիկարագուայի միջև», – մեջբերել է El 19 Digital հարթակը ներդրումների հարցերով Նիկարագուայի նախագահի խորհրդական Լաուրենո Օրտեգա Մուրիլյոյի  հայտարարությունը։

ԵԱՏՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են հանդիպումներ Նիկարագուայի Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։

«Մենք տեսանք հնարավորություններ և մեծ ներուժ առևտրի, համատեղ ներդրումների, համագործակցության և գործարար շփումների զարգացման համար», – ասել է այցով Մանագուայում գտնվող ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։

Նա նշել է, որ Նիկարագուան զբոսաշրջության մեծ ներուժ ունի, համագործակցության հնարավորություններ կան ագրոարդյունաբերական համալիրում և առևտրի ընդլայնման բնագավառում։

ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրացման միջազգային կազմակերպություն է, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, դիտորդների կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան:

ajax-loader