2026-ից  Formula 1-ը հեռարձակելու է Apple-ը՝ բացառիկ իրավունքով

Apple Inc.-ը և «Ֆորմուլա-1»-ը հայտարարել են հնգամյա գործընկերության մասին։

Այն ընկերությանը հնարավորություն կտա բացառիկ իրավունքներով հեռարձակել այս ավտոմրցաշարի բոլոր փուլերը ԱՄՆ-ում՝ Apple TV հարթակում՝ սկսած 2026 թվականից։

«Այս համագործակցությունը հիմնված է Apple-ի և «Ֆորմուլա-1»-ի միջև ձևավորված ամրապնդվող հարաբերությունների վրա, որոնք զարգացան բլոկբաստեր F1 The Movie-ի համաշխարհային հաջողությունից հետո, որը դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր սպորտային ֆիլմը», – նշված է Apple-ի հայտարարության մեջ։

Apple TV-ն ամբողջությամբ կծածկի «Ֆորմուլա-1»-ի մրցաշրջանը՝ ներառյալ վարժանքները, որակավորման փուլերը, սպրինտները և Գրան-պրի մրցումները։ Առանձին մրցարշավներն ու բոլոր վարժանքները հասանելի կլինեն նաև անվճար՝ ամբողջ մրցաշրջանի ընթացքում Apple TV հավելվածում։

Բացի «Ֆորմուլա-1»-ի հեռարձակումներից, Apple-ը կպատմի այս սպորտաձևի մասին նաև Apple News, Apple Maps, Apple Music և Apple Fitness+ հարթակներում։

Apple Sports հավելվածը ամբողջ մրցաշրջանի ընթացքում կտրամադրի արդի տեղեկություններ՝ որակավորման փուլերի, սպրինտների և յուրաքանչյուր Գրան-պրիի մասին՝ ներառյալ իրական ժամանակում թարմացվող ցուցակները, վարորդների և կոնստրուկտորների վարկանիշները, ինչպես նաև՝ ուղիղ միացումներ կողպված էկրանի վրա և հատուկ վիջեթ գլխավոր էկրանին։

«Մենք ուրախ ենք ընդլայնել մեր համագործակցությունը «Ֆորմուլա-1»-ի հետ և առաջարկել Apple TV-ի բաժանորդներին ԱՄՆ-ում բացառիկ հնարավորություն՝ գտնվելու աշխարհի ամենահուզիչ և արագ զարգացող սպորտաձևերից մեկի առաջին շարքերում», – նշել են Apple-ից։

CNBC-ի աղբյուրների տվյալներով՝ Apple-ը տարեկան մոտ 140 միլիոն դոլար կվճարի «Ֆորմուլա-1»-ի հեռարձակման իրավունքների դիմաց։

Ներկայումս «թագավորական մրցարշավների» հեռարձակման իրավունքն ԱՄՆ-ում պատկանում է Walt Disney Co.-ին ենթակա ESPN ալիքին, որը մրցաշարի կազմակերպիչներին վճարում է տարեկան 85 միլիոն դոլար; Այս համաձայնագիրը կավարտվի 2026 թվականին։

Apple-ն արդեն ունի սպորտային հեռարձակումների փորձ․ 2022 թվականից սկսած ընկերությունը ցուցադրում է ուրբաթօրյա բեյսբոլի խաղեր, ինչպես նաև ամերիկյան ֆուտբոլի առաջնության հանդիպումներ։

Վերջին տարիներին «Ֆորմուլա-1»-ի հանրաճանաչությունը ԱՄՆ-ում կտրուկ աճել է՝ մասնավորապես Netflix-ի «Formula 1: Drive to Survive» սերիալի շնորհիվ։ 2018-ից ի վեր հեռուստադիտողների թիվը կրկնապատկվել է՝ 2024-ին հասնելով 1.1 միլիոնի յուրաքանչյուր մրցաշարի համար։ Իսկ 2025 թվականի առաջին տասը Գրան-պրին միջինում դիտել է շուրջ 1.3 միլիոն մարդ։

ajax-loader