Էլեկտրական մեքենաների ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2025 թիվը

Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով»,- ասաց Խոջոյանը։

Նրա խոսքով՝ այս երկու տարիների ընթացքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային ներմուծման ծավալները։

«Մասնավորապես, 2022 թվականին 2021 թվականի համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալն աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ շուրջ 12 անգամ։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ»,- ասաց Խոջոյանը։

ajax-loader