«Հուսո առագաստ 2025» հեղինակային երգի միջազգային փառատոնը մեկնարկել է

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 11-րդ փառատոնը: Փառատոնն ընթանալու է 3 փուլով` նախընտրական, ընտրական և սևանյան:

Նախընտրական փուլում ընդունվում են հայտերը: Այն կավարտվի հունիսի15-ին։ Այս տարի ևս դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։

Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն  ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որն այս տարի տեղի է ունենալու հունիսի 20-ին «Մետրո» թատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները ընտրելու են լավագույններին, որոնք հնարավորություն են ստանալու մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Հարկ է նշել, որ ընտրված մասնակիցների կացության և սննդի ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնի սևանյան փուլը, որն այս տարի տեղի է ունենալու հուլիսի 18-20-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում, ներառելու է երկու համերգային օր։ Համերգներին մասնակցելու են այս տարվա ընտրական փուլի հաղթողներն, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, հեղինակային երգի ժանրի ավագ սերնդի ներկայացուցիչները և 13 երկրից ժամանած հանրաճանաչ երգահանները։ Այս տարի փառատոնն ընդգրկում է երկրների բավականին լայն շրջանակ՝ Բելառուս, Բելգիա, Գերմանիա, Էստոնիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Սլովակիա, Վրաստան, Ֆինլանդիա, ԱՄՆ։

Փառատոնի գալա համերգը տեղի է ունենալու հուլիսի 19-ին։ Այն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

«Հուսո առագաստ» փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և իրականացվում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հովանավորությամբ  և աջակցությամբ, այդ թվում  նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության։

Փառատոնի հիմնական նպատակն է հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը, բեմ տրամադրել, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ ապահովելով շփում տարբեր սերունդների ստեղծագործողների, հեղինակային երգի սիրահարների և երգահանների միջև։

ajax-loader