ՀՀ-ն տաղավար կունենա «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա»-ում

Հայաստանը «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցի բարձրակարգ տաղավարով՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաներ, հայկական սնունդ, խմիչք, երկրի զբոսաշրջային գրավչությունն ու ժամանակակից կրթական հաստատությունները: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասուլիսին նշեց՝ նախատեսվում է, որ Ճապոնիայում անցկացվելիք այս էքսպոն 6 ամսվա ընթացքում՝ 2025 թվականի ապրիլից 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը կունենա մոտ 28 մլն այցելու:

«Հետևաբար՝ Հայաստանի կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը որոշում են կայացրել այս ցուցահանդեսին միանալ բարձրակարգ տաղավարով՝ «Ա» դասի տաղավարով, որն ընդգծում է նաև մեր երկրի վերաբերմունքը Ճապոնիայի, ճապոնական շուկայի նկատմամբ»,-ասաց Քերոբյանը:

 Սա ևս մեկ ներդրում է Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների կարգավորման հարցում:

Ցուցահանդեսի հայկական տաղավարի նախագծի ղեկավար Կազույա Մուռոտան մեծ պատիվ համարեց մասնակցելու այնպիսի մի ծրագրի, որը կարող է հանդիսանալ երկու երկրների բարեկամության խթանման  գործիք: «Մինչև այս ես առիթ եմ ունեցել ներկայացնել Ճապոնիան արտասահմանում, իսկ այս անգամ հնարավորություն ունեմ ներկայացնել Հայաստանը Ճապոնիայում: Ես հուզվում եմ: Մեր նպատակն ու ցանկությունն է, որ այս էքսպոյի շնորհիվ մեր երկու ժողովուրդներն առիթ ունենան իրար ավելի լավ ճանաչելու,  կապը լինի շարունակական»,-ասաց Մուռոտան:

Տաղավարի կառուցման աշխատանքները ստանձնած կազմակերպության ներկայացուցիչը ևս Հայաստանում էր, նա ներկայացրեց այն տեխնոլոգիան, որով կառուցելու են հայկական տաղավարը: Ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց՝ ջանք չեն խնայի, որ Հայաստանի համար ստեղծեն մի տաղավար, որը կմնա մարդկանց սրտերում:

Նախարարն ընդգծեց, որ հայկական տաղավարը գտնվում է էքսպոյի տարածքում շատ լավ տեղում՝ թեմատիկ տաղավարների կողքին:

Նախարարությունը հրավիրում է ճապոնական շուկայով հետաքրքրված բոլոր ընկերություններին կապվել իրենց հետ, պատրաստ են համագործակցել բոլոր ընկերությունների հետ՝ Հայաստանն առավելագույնս լավ ներկայացնելու ճապոնական շուկայում:

«Բովանդակային առումով մենք ունենք գլխավոր 4 ուղղություններ: Առաջինը ժամանակակից կրթությունն է. մենք փորձելու ենք ներկայացնել «Թումո»-ն, «Արմաթ»-ը, COAF-ի տեխնոլոգիաները, այլ կրթական ծրագրեր, որոնք հետաքրքիր են նաև ճապոնական հասարակությանը: Մյուս ուղղությունը բարձր տեխնոլոգիաներ են, որը ներառում է թե բարձր տեխնոլոգիական, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը Հայաստանում, թե բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը: Երրորդ ուղղությունը զբոսաշրջությունն է, փորձելու ենք Հայաստանը լավագույնս ներկայացնել՝ իր բոլոր գրավչության վայրերով: Այդ ուղղության շուրջ ևս մեծ բովանդակություն ենք պատրաստելու:  Չորրորդ ուղղությունը սնունդն ու գինին են, վստահ եմ՝ այս առումով ևս ճապոնացիներին ցուցադրելու շատ բան ունենք»,-ասաց Քերոբյանը:

Հայկական տաղավարը հարստացնելու են նորագույն տեխնոլոգիաներով, այդ թվում՝ արհեստական բանականությամբ, թվային տեխնոլոգիաներով, գուցե՝ ռոբոտներով:

«Ճապոնական շուկան մեզ համար շատ հետաքրքիր է այն առումով, որ Ճապոնիան աշխարհի 3-րդ կամ 4-րդ տնտեսությունն է մեծությամբ՝ 3.5-4 տրլն դոլար ՀՆԱ-ով: Եվ բնականաբար ցանկացած խոշոր տնտեսություն մեզ համար հետաքրքիր է՝ որպես ապրանքների արտահանման, ներմուծման, տեխնոլոգիաների փոխանակման և բազմաթիվ այլ ուղղություններով»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու շատ մեծ պոտենցիալ կա: Հիմա այդ հարաբերությունների մակարդակը, փոխադարձ առևտուրը դեռևս շատ հեռու են պոտենցիալից:

Մինչև էքսպոյի մեկնարկը հայկական կողմը՝ բիզնես պատվիրակություններով, մի քանի անգամ այցելելու է Ճապոնիա, որ էքսպոյի ժամանակ ընկերությունները հաստատված կապեր ունենան ճապոնական ընկերությունների հետ:

ajax-loader