2024-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս․ ԵԱԶԲ

2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Եվրասիական զարգացման բանկը, որը ներկայացրել է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի շաբաթական մակրոզննումը։

Աղբյուրի համաձայն՝  2023 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 9.4%- ով: Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը, հիմնականում, ապահովել են ծառայությունների և առևտրի հատվածները (համապատասխանաբար՝ +10% և +25,7%)։ Արդյունաբերության դինամիկան (+4,1%) չորրորդ եռամսյակում դրական գոտի է մտել՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկերչական արտադրանքի արտադրության ավելացման հաշվին, ինչը նաեւ աջակցել է արտահանմանը (+55% 2023 թվականին և 2,4 անգամ տարեկան աճ դեկտեմբերին)։

«Մենք ակնկալում ենք, որ ՀՆԱ- ն 2024 թվականին կավելանա 5,7 տոկոսով»,- նշել են բանկում:

Նշենք, որ Fitch Ratings-ի կանխատեսումների համաձայն, 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 6% – ով ։ Ընդ որում, 2024 թվականի համար ՀՀ ԿԲ-ի, ԱՄՀ-ի, ՀԲ-ի և ՎԶԵԲ-ի կողմից կանխատեսվում է Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղում. ՀՀ ԿԲ-ի սպասումներով՝ մինչև 6,1%, ԱՄՀ-ի սպասումներով՝ մինչև 5%, ՀԲ-ի սպասումներով՝ մինչև 4,7%, իսկ ՎԶԵԲ-ի սպասումներով՝ մինչև 4,5%:

Հայաստանի իշխանություններն այս տարվա արդյունքներով ակնկալում են երկրի ՀՆԱ-ի 7 տոկոս աճ։

ajax-loader