Գեղարքունիքի դպրոցներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» միջոցառումը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում և հանրակրթական դպրոցներում կազմակերպվում և անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից՝ միջոցառումն  անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման նպատակով։

Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում և բնակավայրերում արդեն իսկ անցկացվել են միջոցառումները։

Ըստ կանոնակարգի՝ միջոցառման մեջ ընդգրկված են մասսայական դահուկավազքը, սահնակներով մրցումը, կշռաքարի բարձրացումը, մարզական ցուցադրական ելույթները, սպորտլանդիայի անցկացումը, բարձունքի գրավումը, ձնագնդիով նշանակետին հարվածելը,  ազգային խաղաձևերը, հրաձգությունը օդամղիչ հրացանից, ձմեռային վոլեյբոլը և այլ մարզախաղաձևեր:

«Անցկացված միջոցառումներն ուղեկցվում են երգ ու պարով: «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը կշարունակվի մինչև մարտի 1-ը։ Կարևորն այն է, որ, ի տարբերություն նախորդ մի քանի ձմեռների, այժմ մարզի տարածքով մեկ առկա է բավարար ձնածածկույթ, որը նպաստում է միջոցառումների բազմազանության ապահովմանը։ Արդյունքների ամփոփումից հետո մրցումներում առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձինք և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կարժանանան  խրախուսանքի»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Գեղամ Չարվադարյանը։

ajax-loader