2024-ի բյուջեով անվճար դեղերի ցանկն ընդլայնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում կան անվճար տրամադրվող դեղերի ցանկեր, որոնք անընդհատ ընդլայնվում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Նեյրոֆիբրոզ հիվանդության դեմ գոյություն ունեցող դեղամիջոցը Հայաստանում անվճար չի տրամադրվում, մինչդեռ շատ երկրներում դա անվճար է տրամադրվում, մասնավորապես, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում:

«Ես գիտեմ, որ 2024-ի բյուջեով մենք այդ դեղերի ցանկն ընդլայնելու ենք: Պրակտիկայում հետեւյալ խպնդիրն ենք առնչվում: Ակնհայտորեն նույն հիվանդության դեմ կան տարբեր դեղամիջոցներ տարբեր ազդեցություններով, տարբեր գներով, տարբեր հասանելիությամբ: Ձեր նշած հիվանդության համար ՀՀ-ն անվճար տրամադրում է դեղամիջոց եւ չենք կարող ասել, որ այն վատ դեղամիջոց է: Դրա անունը Հիդրեա է:

Երբեմն պետք է արձանագրենք, որ մենք փորձում ենք այնպես անել, որ բյուջեի ծախսերի մեջ ընտրենք կոնկրետ հիվանդությունների դեմ նախատեսված դեղեր, որտեղ գին-որակ հարաբերակցությունը բալանսավորված եւ տրամաբանական: Երբ որեւէ դեղամիջոց Հայաստանում գրանցված չէ, մենք չենք կարող այդ դեղերը պետական բյուջեի միջոցներից գնենք»,- ասաց Փաշինյանը:

ajax-loader