Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ի աջակցության ծրագրերը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։

«Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 միլիարդ դրամ։ Կնախատեսվեն կրթության և առողջապահության գծով հավելյալ ծախսերը։ Բնակարանային և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերը այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետև դրանց մշակումը և հաստատումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։ Այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերի պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- ասաց Հովհաննիսյանը։

ajax-loader