2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար

2024 թ. ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապահովելու 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։

«2024-ին կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ  ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 566 մլրդ դրամ, որը 2023 թ. ճշտված բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինի 342 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով։

«Չնայած նրան, որ տնտեսական ակտիվության զգալի մասը 2023 թ. ապահովել է ծառայությունների ճյուղը, սակայն աճ եղել է տնտեսության բոլոր ճյուղերում։ Տնտեսությունում տեղաշարժեր են եղել` մեծացնելով Հայաստանի տնտեսական ներուժը»,– ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով, բարձր տնտեսական աճը Հայաստանում ներառական է եղել, այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձի տեմպերը էապես գերազանցել են գնաճին: «2023-ի հունվար-հուլիսին վարձու աշխատողների թիվն աճել է 6 տոկոսով, իսկ միջին անվանական աշխատավարձն աճել է 18,5 տոկոսով՝ կազմելով 262 591 դրամ»,-ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանի վստահեցմամբ` աշխատանքի շուկայի դրական միտումները կպահպանվեն նաև 2024 թ.` նպաստելով հասարակության բարեկեցության բարձրացմանը։

Նա տեղեկացրեց նաև, որ 2024 թ. ծախսերը կկազմեն 3 տրլն 17 մլրդ դրամ` գերազանցելով 2023 թ. ցուցանիշը շուրջ 415 մլրդ դրամով կամ 15.9 տոկոսով։ Ներկայացված ծախսային տվյալի մեջ կապիտալ ծախսերը 2024 թ. կկազմեն 695 մլրդ դրամ, որը 126 մլրդ դրամով կամ 22 տոկոսով ավելի կլինի 2023 թ. ցուցանիշից։

ajax-loader