Համաշխարհային բանկի ամփոփագիր․2023 թվականին տնտեսական ակտիվությունն աճեց 9.4 տոկոսով` գերազանցելով ակնկալիքները

Թանկարժեք զարդերի արտադրության ու արտահանման ծավալները շարունակել են ռեկորդային աճի տեմպ գրանցել 2023 թ. դեկտեմբերին։ Հունվարին գները նվազեցին 0.9 տոկոսով (ՆՏՆԺՀ): ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը համեմատաբար 2024 թ. սկզբից համեմատաբար կայուն է եղել: Դեկտեմբերին մեծ պակասուրդը կազմել է 2023 թ. ընդհանուր պակասուրդի երկու երրորդը: Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն:

Տնտեսական ակտիվության աճի տեմպը չափավորվեց` 2023 թ. դեկտեմբերին հասնելով 9.5 տոկոսի (ՆՏՆԺՀ/ իրական արտահայտությամբ)` 2023 թ. նոյեմբերի 11.2 տոկոսից : Դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների աճը նոյեմբերի 23.8 տոկոսից նվազեց մինչև 20 տոկոս (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության, ինչպես նաև էլեկտրականության ու էներգիայի արտադրության աճի դանդաղմամբ: Այդուամենայնիվ, մշակող արդյունաբերությունն աճել է 28 տոկոսվ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու և թանկարժեք զարդերի արտադրության ծավալների 9.4 անգամ ավելացմամբ (ՆՏՆԺՀ), որը շարունակել է աճել, և դրան նպաստել են ոլորտում կատարվող ներդրումներն ու հումքի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացումը: Շինարարության ոլորտի աճը դեկտեմբերին (ՆՏՆԺՀ) մնացել է կայուն` 11.5 տոկոս: Առևտուրը շարունակել է աճել արագ տեմպով` 36 տոկոս դեկտեմբերին (ՆՏՆԺՀ), ինչը բարձր է նոյեմբերի 32 տոկոսից (ՆՏՆԺՀ): Ծառայությունների ոլորտի աճը (չհաշված առևտուրը) բարձրացել է` նախորդ ամսվա 2.4 տոկոսից (ՆՏՆԺՀ) հասնելով 3.4 տոկոսի:

2023 թվականին տնտեսական ակտիվությունն աճեց 9.4 տոկոսով (ՆՏՆԺՀ)` գերազանցելով ակնկալիքները: Պահանջարկի կողմում` մասնավոր սպառման աճին նպաստել է միջին աշխատավարձերի 12  տոկոսով  իրական  աճը, զբաղվածության բարելավվումը և տարվա վերջին եռամսյակում տեղահանված բնակչությանը կառավարության կողմից տրամադրվող կանխիկ փոխանցումները:

Զուտ դրամական փոխանցումները (ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային) դեկտեմբերին (ՆՏՆԺՀ) նվազել են 47.2 տոկոսով, սակայն 4 անգամ գերազանցել են նախորդ ամսվա ցուցանիշը: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19.4 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներհոսքերի 30 տոկոս կրճատմամբ : Մյուս կողմից, արտահոսքերն ավելացան 9.6 տոկոսով (ՆՏՆԺՀ), իսկ հիմնական ուղղություններն էին Մոնակոն, Ռուսաստանը, ԱՄէ-ն ու ԱՄՆ-ն:

2024 թ. հունվարին գրանցվեց գների 0.9 տոկոս անկում (ՆՏՆԺՀ), որը պայմանավորված է պարենային գների 5.8 տոկոս անկմամբ (ՆՏՆԺՀ): Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակեց թուլացնել դրամավարկային պայմանները` 50 բազիսային կետով նվազեցնելով վերաֆինանսավորման դրույքաչափը (հասցնելով 8.75) տնօրենների խորհրդի հունվարի 30-ի նիստի ժամանակ:

Արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի բարձր արտահանման ծավալներով: Ապրանքների արտահանման ծավալները 2023 թվականի դեկտեմբերին աճել են 137 տոկոսով (ՆՏՆԺՀ): Դա պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների 11 տոկոս ավելացմամբ, որի մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալներում ավելացել է` 2022 թվականի դեկտեմբերի 17 տոկոսից հասնելով 73.2 տոկոսի` 2023 թվականի դեկտեմբերին: Կոշկեղենի, տեքստիլի, կաշվի և մորթու արտահանման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 183, 86 և 74 տոկոսով: Արաբական Միացյալ Էմիրությունները այժմ հանդիսանում է արտահանման առաջատար ուղղություն, և արտահանումները դեկտեմբերին ավելացել են 15 անգամ (ՆՏՆԺՀ): Ներմուծման ծավալներն աճել են 34 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներով: 2023 թվականի հանրագումարային տվյալներով, արտահանման ու ներմուծման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 55 և 40 տոկոսով:

ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը համեմատաբար կայուն է եղել 2024 թվականի սկզբից, թեև փետրվարի սկզբին մոտավորապես 2 տոկոսով ավելի թույլ է եղել ՆՏՆԺՀ արտահայտությամբ: Միջազգային պահուստները 2024 թ. հունվարի ավարտի դրությամբ կազմել են 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը մոտ է 2023 թ. տարեվերջի մակարդակին

2023 թ. դեկտեմբերին գրանցվել է բյուջեի 126 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը կազմում է 2023 թ. ընդհանուր` 189 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի երկու երրորդը: Հարկային եկամուտները 25.2 տոկոսով (ՆՏՆԺՀ) ավելացան դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր բոլոր ուղղություններով ավելացմամբ: Շահութահարկն ու այլ հարկերն ավելացան, համապատասխանաբար, 57 տոկոսով և 2.6 անգամ (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր կենսունակ տնտեսական ակտիվությամբ: Գրանցված փոխանցումներն ավելացան 254 տոկոսով (ՆՏՆԺՀ)` փոխհատուցելով անցած ամիսների թերի կատարողականը ծրագրային դրամաշնորհների առնչությամբ: Ծախսերն ավելացան 29 տոկոսով` պայմանավորված կապիտալ ծախսերի ավելացմամբ (76 տկոս, ՆՏՆԺՀ)` հիմնականում պաշտպանական ոլորտին կատարվող հատկացումների ավելացման պատճառով: Ընթացիկ ծախսերի 16 տոկոս աճը (ՆՏՆԺՀ) պայմանավորված է եղել 35 տոկոս սոցիալական հատկացումների ավելացմամբ որը տեղի է ունեցել տեղահանված անձանց կարիքների բավարարման նպատակով: 2023 թվականին բյուջեում գրանցվել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով հանրագումարային պակասուրդ, որն, ըստ ամենայնի կաճի կառավարության կողմից ստանձնած Լեռնային Ղարաբաղի1 ֆինանսական պարտավորությունների մասը ներառելուց հետո: Պակասուրդը գերֆինանսավորվել է ներքին աղբյուրներից, իսկ արտաքին ֆինանսավորման զուտ մարումը 223 միլիարդ ՀՀ դրամ է:

Ֆինանսական համակարգը դեկտեմբերին պահպանել է կայունությունը` եկամտաբերության ցուցանիշների աննշան շեղմամբ: Վարկերն ու ավանդներն աճել են, համապատասխանաբար, 1.9 և 1 տոկոսով (ՆԱՀ), և երկուսն էլ հիմնականում պայմանավորված է եղել դրամով արտահայտված ֆինանսական միջոցներով: Կապիտալի համարժեքության գործակիցը չնչին նվազել է` դեկտեմբերին հասնելով  19.9 տոկոսի, նոյեմբերի 20.1 տոկոսից, մինչդեռ չաշխատող վարկերի գործակիցը ընդհանուր վարկերի համեմատ դեկտեմբերին հասել է 2.4 տոկոսի` նախորդ ամսվա 2.8 տոկոսի փոխարեն: Շահութաբերությունը ըստ ակտիվների, որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչ է, նվազել է` նախորդ ամսվա 3.3 տոկոսից հասնելով 2.7 տոկոսի:

ajax-loader