Գեղարքունիքում 2023-ն նորոգվել է 36,4 կմ ճանապարհ

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվել է 36,4 կիլոմետր, միջին նորոգման է ենթարկվել 4 կիլոմետր, մակերեսային մշակման՝ 6,4 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհներ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 2023 թվականին իրականացվել են   Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 66-80-րդ կմ հատվածի, Հ-39, /Մ-10/-Գավառ-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4-7-րդ կմ հատվածի, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-17-րդ կմ հատվածի, Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ – /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 32-35-րդ կմ հատվածի, Հ-30, Մոտեցում Արծվաշենին հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի, Լճաշեն համայնքի Փոստի մոտից դեպի Կիկլոպյան  ամրոց  տանող  ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7 կմ հատվածի,  ինչպես նաև Մ-4 Երևան-Սևան-Իջևան–ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 74-80-րդ կմ հատվածի հիմնանորոգման և Հ-39, /Մ-10/-Գավառ-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները։

2023 թվականին մեկնարկել են Տ-4-13, /Հ-39//Գավառ/-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհի 12,9կմ հատվածի, Հ-53, /Մ-4/ – Սեմյոնավկա – /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածի կամրջի և Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թվականի ընթացքում։

2023 թվականի ընթացքում շինարարական աշխատանքների իրականացման համար ներդրվել է 5 միլիարդ 887,4 միլիոն դրամ։

Իսկ Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել կամ վերանորոգվել են 32.6 կմ ճանապարհներ և փողոցներ, սալարկվել է 11 հազար 869 քառակուսի մետր մակերեսով համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Ճանապարհների անցանելիությունը տարվա բոլոր եղանակներին ապահովելու նպատակով 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2023 թվականին մարզում իրականացվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների 323,9 կմ ընթացիկ ամառային և 392,4 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, որի արդյունքում ծախսվել է 866,3 միլիոն դրամ, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է մարզային նշանակության 176,8 կմ ընթացիկ ամառային և 207,4 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, որի արդյունքում ծախսվել է 222,8 միլիոն դրամ։

ajax-loader